![]()
Մարտի 22
Քենեթ Քոփլանդ
Բժշկությունը միշտ գալիս է
«Նրանց էլ, որ հավատացին, այս նշանները կհետևեն ... հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան»:
Մարկոսի 16: 17, 18
Ժամանակին ես վհատվում էի, երբ ձեռքս դնում
էի մարդկանց վրա, իսկ նրանք չէին առողջանում: Մի օր ես աղոթում էի և Աստծուն փնտրում
այդ հարցի պատասխանը ստանալու համար, երբ Նա խոսեց իմ հոգում և ասաց. «Բժշկությունը
միշտ գալիս է»:
Հիշում եմ, ես հարցրի. «Հա՛յր, ի՞նչ նկատի ունես «բժշկությունը միշտ գալիս է» ասելով:
Բոլորը չեն բժշկվում»:
Իսկ Նա պատասխանեց. «Ես չասացի, որ բոլորը ստանում են այն»: Հետո Նա շատ խիստ խոսեց
ինձ հետ. «Ես Իմ մասն եմ անում: Եվ ես ասել եմ, որ նրանք կառողջանան»:
Կարծես այդ խոսքերը մի քանի տոննա աղյուսի նման թափվեցին գլխիս: Նա ասել է, որ կառողջանան:
Նա երբեք սուտ չի խոսում: Ուստի, եթե Նա ասել է, որ կառողջանան, ուրեմն նշանակում է,
որ բժշկությունը միշտ էլ գալիս է: Աստված այն ետ չի պահում: Մարդկանց հավատքի պակասն
է, որ նրանք չեն ստանում բժշկությունը:
Այդ ժամանակից ի վեր ես ոչ մի դժվարություն չունեի հիվանդների վրա ձեռքերս դնելու հարցում
և հավատալու մեջ, որ նրանք կբժշկվեն: Անկախ այն բանից՝ նրանք առողջ կհեռանան, թե ոչ,
ես շարունակում եմ հավատքով կանգնել նրանց համար: Իրականում ես գիտեմ, որ եթե այն տղան,
ով այստեղից հեռացավ առանց բժշկվելու, իր հավատքը միացնի Աստծո և իմ աղոթքի հետ, միևնույնն
է, հինգ տարի կանցնի թե տասը, նա կբժշկվի:
Եթե ինչ-որ մեկի վրա դրել ես ձեռքդ, և նա չի ստացել իր բժշկությունը, հավատքիցդ նահանջելով
մի՛ կանգնեցրու Աստծո զորության հոսքը: Ամու՛ր կանգնիր: Շարունակի՛ր հավատալ, որ «բժշկությունը
միշտ գալիս է», և գուցե այդ հիվանդ մարդը որոշում կայացնի համաձայնվել քեզ հետ ...
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մարկոսի 10: 46-52
![]()
![]()
Սեպտեմբերի 1
Քենեթ Քոփլանդ
Հաստատակամությունը արդյունք է տալիս
«Ասում եմ ձեզ, եթե վեր էլ չկենա և նրան տա նրա բարեկամ լինելու համար, սակայն նրա թախանձանքի համար վեր կկենա և կտա նրան ինչ որ պետք լինի»:
Ղուկասի 11:8
Եթե Տիմոթեոսի առաջին թղթի 2:4-ում Աստված մեզ ասում է, թե կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն, ուրեմն ինչո՞ւ չենք տեսնում կորած մարդկանց բազմություններ ամեն օր վերստին ծնվելիս: Երբևէ մտածե՞լ ես այս մասին: Ես մտածել եմ...երբ դրա համար Աստծո երեսն էի փնտրում, հասկացա, որ հիմնականում մարդկանց բազմությունները վերստին չեն ծնվում, քանի որ մենք մշտապես չենք աղոթում չփրկվածների համար: Փոխանակ հաստատակամություն ցուցաբերենք և Հոր առջև գանք ու աղոթենք, որ նրանք փրկության հացը ստանան, ինչպես Ղուկասի 11:8-ում այն մարդն իր բարեկամի համար արեց, մենք, երբ անմիջապես արդյունք չենք տեսնում, հանձնվում ու գնում ենք տուն:
Մենք մի բան չենք հասկանում. բարեխոսության մեջ հաստատակամությունը հաջողության բանալին է:
Ինչո՞ւ: Անշուշտ ոչ Աստծո միտքը փոխելու համար: Նա երբեք չի փոխվում: Նրա խորհուրդները հաստատուն են: Աստված ցանկանում է, որ բոլոր մարդիկ փրկվեն: Բարեխոսության մեջ պետք է համառ լինես, որպեսզի ճնշում գործադրես դիվային ուժերի վրա, որոնք փոձում են խոչնդոտել Աստծո կամքի իրագործումը: Այդ ուժերը պետք է քանդվեն աղոթքի միջոցով, որպեսզի այդ բերդերը քանդվեն և հոգևոր աչքակապերը հեռացվեն այն մարդկանց հոգևոր աչքերից, որոնց համար աղոթում ենք:
Հասկանո՞ւմ ես, Աստված մարդկանց կամքին հակառակ չի գործում: Բայց Նա կօգտագործի քո բարեխոսությունը Իրեն հայտնելու համար: Քո համառ աղոթքների միջոցով Աստված նրանց կբերի այն գիտակցությանը, որ իրենք Աստծո կարիքն ունեն: Հետո այդ մարդիկ կձգտեն դեպի Աստված, և հոգևոր վերածնունդ տեղի կունենա:
Եթե նստած սպասում ես, որ Աստված կփրկի հորաքույր Մերիին կամ Հակոբ քեռուն կամ քո լավագույն ընկերոջը, ուրեմն այլևս մի՛ նստիր: Վե՛ր կաց և սկսի՛ր բարեխոսել նրանց համար: Համառությամբ աղոթի՛ր: Աղոթի՛ր Եփեսացիների 1:16-23-ի աղոթքը նրանց համար և հրաժարվի՛ր հանձնվելու մտքից, մինչև որ նրանք ապահովությամբ մտնեն Աստծո թագավորության մեջ:
Հիսուսն արդեն Իր կյանքը տվել է, որպեսզի նրանք փրկվեն: Հարցն այն է, թե դու քոնը կտա՞ս...
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ղուկասի 11:1-10
![]()
Սեպտեմբերի 2
Քենեթ Քոփլանդ
Գնա՛ հայտնության գիտության ետևից
«Շնորհք և խաղաղություն շատանա ձեզ վրա Աստծո և մեր Տեր Հիսուսի գիտությունով»:
Բ Պետրոսի1:2
Եթե այս աստվծաշնչյան խոսքում օգտագործված «գիտություն» թարգմանված հունարեն բառը քննեինք, կտեսնեինք, որ այն ավելին է նշանակում, քան ինչ-որ բանի մտավոր հասկացողություն, քան ինչ-որ գիտելիք, որը կարելի է զգայարանների միջոցով ձեռք բերել: Այն նշանակում է անմիջական գիտություն: Գիտություն, որը հայտնվել է անմիջապես քո սրտին Աստծո Հոգու միջոցով: Ես դա անվանում եմ «հայտնության գիտություն»:
Այդպիսի գիտության պակասը, որքան ես գիտեմ, ամենից շատն է պատճառ եղել հավատքի անհաջողությունների համար: Պատճառն այն է, որ քրիստոնյաներից շատերը Խոսքին իրենց մտքով են հավատում, բայց այնքան չեն մտածում դրա շուրջ, որպեսզի դրա «լույսը ծագի» նաև իրենց սրտերում: Եթե մտածեին, այդ Խոսքը անպայման կհեղափոխեր նրանց կյանքերը: Ոչ մի բան այս երկրում և երկնքում չէր կարող բաժանել նրանց այդ հայտնությունից:
Ես ճանաչում եմ մի այրի կնոջ, որը մի առավոտ նմանատիպ հայտնություն ստացավ և ամուր բռնեց այն: Նա սկսեց խորհել այդ խոսքի շուրջ, որն ասում էր. «Եթե դու այրի ես, ուրեմն Ամենակարող Աստված կզբաղեցնի քո տան մատակարարի և առաջնորդի դերը»:
Այդ կինը մի քիչ խղճում էր ինքն իրեն: Բայց երբ այդ հայտնությունը ստացավ, որ հիմա Աստված է իր ընտանիքի գլուխը, սկսեց Տիրոջ հետ խոսել, ինչպես իր ամուսնու հետ կխոսեր:
Նա ասում էր. «Տե՛ր, լսի՛ր, թե ինչ եմ ասում, մեր տան ջրի խողովակները բանի պետք չեն: Խնդրում եմ, կնորոգե՞ս»: Այդ պահից սկսած՝ նա այլևս իր ջրի խողովակների հետ ոչ մի խնդիր չուներ:
Եթե Աստծուց ինչ-որ բան ես ուզում, որոշի՛ր վարվել այնպես, ինչպես այդ այրի կինն արեց: Որոշի՛ր, որ կխորհես Խոսքի շուրջ, մինչև որ նմանատիպ հայտնություն ստանաս: Թող Խոսքը միշտ քո աչքի առաջ լինի, մինչև հայտնություն ստանաս, որ Հիսուսը քո Բժիշկն է կամ քո Փրկիչը կամ քո ֆինանսիստը կամ ինչ որ ցանկանում ես, որ Նա լինի: Մ՛ի համակերպվիր Նրա մասին սահմանափակ գիտությունով: Ավելի խոր հայտնություն ստացի՛ր, Նրա շնորհքը կշատանա քեզ վրա:
ԱՍՏԱՎԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 1
![]()
Սեպտեմբերի 3
Քենեթ Քոփլանդ
Աստծո երկիրը
«Այն բաները, որ կարելի չեն մարդկանց մոտ, կարելի են Աստծո մոտ»:
Ղուկասի 18:27
Հենց հիմա ես ու դու մեր ազգի մեջ կանգնած ենք մի իրավիճակի առջև, որը պետք է փոխվի: Կան իրավիճակներ, որոնք ամբողջովին անհնարին են թվում: Կան անհնարին թվացող իրավիճակներ, որոնք բոլորովին էլ այդպես չեն: Որովհետև այս երկիրը Աստծուն է պատկանում:
Աստված է ստեղծել Ամերիկայի Միացյալ Նահանգները: Նա հատուկ նպատակ ունի այս պետության համար: Աստված կարիք ուներ մի երկրի, որտեղ հնարավոր կլիներ Ավետարանը ազատ քարոզել
առանց ճնշումների:
Աստված էր, որ Քրիստափոր Կոլումբոսի սիրտը բորբոքեց և նրա մեջ մի երազանք դրեց՝ գծել արևմուտք հասնելու մի նոր ուղի: Կոլումբոսը իր հուշամատյաններից մեկում գրում է. «Տերն էր, որ իմ մտքում դրեց այստեղից գնալ Հնդկաստան: Ես զգում էի, որ Նրա ձեռքն ինձ վրա էր: Բոլոր նրանք, ովքեր լսում էին ինձ, ծիծաղելով հերքում էին դա: Նրանք ծաղրում էին ինձ: Բայց կասկած չկար, որ այդ ներշնչանքը Սուրբ Հոգուց էր, քանի որ Նա մխիթարում էր ինձ Սուրբ գրքի հիասքանչ ոգեշնչող շողերով»:
Ո՞վ Քրիստափոր Կոլումբոսին Ամերիկա բերեց: Աստված: Սա Աստծո ազգն է: Նա է բարձրացրել այս ազգը, և ոչ մի բան չի կարող հեռացնել այս ազգը Աստծուց:
Հաջորդ անգամ, երբ նորից գայթակղություն լինի այս ազգի իրավիճակներին նայելու որպես անհնարինի, հիշի՛ր, թե այն ում է պատկանում: Եվ դրանից հետո դու էլ Քրիստափոր Կոլումբոսի նման կարող ես հայտնաբերել Ամերիկան՝ հավատքով:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 106
![]()
Սեպտեմբերի 4
Գլորիա Քոփլանդ
Թող Աստված փառավորվի
«Եվ երբ որ Հիսուսը դուրս եկավ... գթաց նրանց վրա և բժշկեց նրանց հիվանդներին: Եվ շատ ժողովուրդներ եկան Նրա մոտ, որոնք իրենց հետ ունեին կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ և ուրիշ շատեր, և նրանց գցեցին Հիսուսի ոտները, և Նա նրանց բժշկեց: Մինչև որ ժողովուրդները զարմանում էին՝ տեսնելով համրերին խոսելիս, հաշմանդամներին առողջ, կաղերին գնալիս և կույրերին տեսնելիս, փառավորեցին Իսրայելի Աստծուն»:
Մատթեոսի 14:14, 15, 30, 31
Կրոնական ավանդույթներն ասում են, որ Աստված փառավորվում է, երբ վսեմորեն կրում ենք հիվանդության և ցավերի տառապանքը: Բայց Աստվածաշունչը նման բան չի ասում: Այն ասում է, որ Աստված փառավորվում է, երբ կույրը տեսնում է, կաղը քայլում է, և անդամալույծը առողջանում է:
Հնդկաստանում կամ Աֆրիկայում մարդիկ նման կրոնական ավանդույթներին ծանոթ չեն: Երբ ինչ-որ մեկը կանգնում և հայտարարում է՝ «Ես եկել եմ ձեզ մոտ որպես Բարձրյալ Աստծո պատգամաբեր», մարդիկ հավատում են նրա խոսքերին: Երբ նրանք լսում են, որ Հիսուսը Թագավորների Թագավորն է, որ Նա թափել է Իր արյունը նրանց համար, որ Աստված Իր պատգամաբերին է ուղարկել, որ ասի, թե այսօր կազատի իրենց մեղքից, հիվանդությունից և մահից, նրանք ուրախանում են: Նրանք չեն վիճում Աստծո Խոսքի հետ: Ու գիտե՞ս, թե ինչ է կատարվում:
Մարդիկ սկսում են բժշկվել: Մարդիկ սկսում են մի կողմ նետել իրենց հենակները և քանդել վիրակապերը: Երբ սովորենք այդպես լսել Աստծո Խոսքը, նույն բանը կկատարվի մեզ հետ: Աստված աչառ չէ: Նրա Խոսքը գործում է բոլորի համար: Տարբերությունն այն է, թե ինչպես ենք մենք ընդունում այն:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Գործք առաքելոց 17:1-11
![]()
Սեպտեմբերի 5
Քենեթ Քոփլանդ
Սկսի՛ր հավատքի խոսքեր ասել
«Սրտի ավելացածից է բերանը խոսում: Բարի մարդն իր սրտի բարի գանձից բարիքներ է հանում, և չար մարդը չար գանձից չար բաներ է հանում»:
Մատթեոսի 12:34, 35
Խոսքերը առանց հավատքի օգուտ չունեն, նույնպես և հավատքը՝ առանց խոսքերի: Որպեսզի հավատքի օրենքը գործի, այդ երկու գործոններն էլ անհրաժեշտ են:
Շատ հավատացիալներ դա չեն հասկանում: Նրանք շարունակ կասկածանքի և անհավատության խոսքեր են ասում, հետո մի օր վեր են կենում, մի քանի հավատքի խոսք ասում ու անհամբեր սպասում են, որ լեռները ուր որ է տեղաշարժվելու են, և շփոթվում են, որ ոչ մի լեռ տեղից չի շարժվում:
Իսկ ինչո՞ւ ոչինչ տեղի չի ունենում:
Որովհետև Մատթեոսի 12:34, 35-ն ասում է, որ սրտից դուրս եկած խոսքերն են արդյունք տալիս: Այն մարդը, ով պարզապես ժամանակ առ ժամանակ մի քանի հավատքի խոսք է արտաբերում, նա իր սրտի ավելցուկից չի խոսում, ուստի դրանք արդյունավետ չեն լինում:
Ի՞նչ է, դա նշանակում է, որ այլևս չպե՞տք է հավատքի խոսքեր ասես, մինչև համոզված չլինես, որ կարող ես հավատքով ասել դրանք:
Ո՛չ: Հավատքի խոսքեր ասելը հոգևոր լավ գործ է: Եթե, օրինակ, ցանկանում ես հավատքով բժշկություն ստանալ, թող քո միտքը և քո շուրթերը կենտրոնանան այն Խոսքերի վրա, որոնք վերաբերում են քո առողջությանը: Փոխարենը ասելու, թե ինչ ահավոր ես քեզ զգում, ասա Եսայի 53:5-ը: Ասա. «Հիսուսը իմ մեղքերի համար վիրավորվեց և իմ անօրենությունների համար հարվածվեց, իմ խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով ես բժշկված եմ»:
Եթե շարունակես խորհել այս խոսքերի շուրջ և շարունակես ասել դրանք, դրա ճշմարտությունը կսկսի նստվածք թողնել քո մեջ: Դրանք կսկսեն արմատներ գցել քո սրտում և աճել: Եվ արդյունքում իրոք կսկսես քո սրտի ավելցուկից ասել:
Երբ դա կատարվի, նշանակություն չի ունենա, թե ինչպիսին կլինեն իրավիճակները: Դու կիմանաս, որ ունես այն, ինչին հավատում ես, և սատանան չի կարող մոլորեցնել քեզ՝ ուրիշ բաներ ասելով: Դու հույսից կանցնես հավատքի և կտեսնես, թե ինչպես են սարերը շարժվում:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մատթեոսի 12:33-37
![]()
Սեպտեմբերի 6
Քենեթ Քոփլանդ
Ճնշումների տա՞կ ես: Սերմի՛ր
«Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվում: Որովհետև ինչ որ մարդը սերմի, այն էլ կհնձի»:
Գաղատացիների 6:7, 8
Եթե զգում ես, որ վերջերս ճնշումների տակ ես, ուրեմն մենակ չես: Սատանան առավել քան երբևէ մարդկանց վրա ավելի ու ավելի շատ ճնշումներ է գործադրում: Նա ճնշում է մեզ հոգեբանորեն, ֆինանսապես, զգացմունքներով և շատ ուրիշ բաներով, ինչով որ կարող է: Ճնշումներն այնքան են շատացել, որ կառավարությունները չգիտեն, թե ինչ անեն: Գործարար ոլորտում էլ չգիտեն ինչ անել: Ընտանիքներն էլ չգիտեն: Եկեղեցիները նույնպես:
Բայց, փառք Աստծուն, Հիսուսը գիտի: Նա ասում է, որ ինչպիսի ճնշումներ էլ սատանան բերի, մենք կարող ենք սերմելու միջոցով դուրս գալ այդ իրավիճակից:
Սերմելը միշտ Հիսուսի լուծումն է եղել: Երբ կարիք կա, Նա սերմ է ցանում: Իրականում Մարկոսի 4-րդ գլխում Նա համեմատում է ամբողջ Աստծո արքայությունը մեկ սերմի հետ: Մի պահ մտածիր սերմերի կարևորության մասին: Երկրագնդում գոյություն ունեցող ամեն մի կենդանի արարած սերմից է կյանք առնում: Դու սերմից ես ծնվել: Հետո վերստին ծնվել ես Աստծո Խոսքի սերմից: Հիսուսն Ինքը Սերմ էր՝ տնկված Աստծո կողմից: Աստված Նրան ցանեց որպես զոհ: Նա ծնունդ առավ և պտուղ բերեց շատ եղբայրներ ու քույրեր:
Ուստի, երբ սատանան քեզ վրա ճնշումներ բերի, գնա՛ Հիսուսի մոտ և լսի՛ր, թե ինչպես և որտեղ է պետք ցանել: Եթե դու դա անես, այդ սերմը կաճի և այնպես կմեծանա, մինչև որ կքանդի խավարի և պակասության ուժերը: Այն կազատի քեզ այն ճնշումներից, որոնք սատանան բերում է քեզ վրա:
Ես նման օրինակներ տեսել եմ: Երբ Ջերրի Սավելը առաջին անգամ սկսեց աշխատել իմ ծառայությունում, նա միայն մեկ կոստյում, մեկ վարնաշապիկ և մի զույգ լայն տաբատ ուներ: Նա մի օր մեկն էր հագնում, հետո՝ մյուսը, ու այդպես ամեն օր մեր բոլոր ծառայություններին: Նա գումար չուներ, որ նոր կոստյում գնելու մասին մտածեր: Անկեղծ եմ ասում, հագուստի հարցում նա մեծ ճնշման տակ էր:
Հետո նա իմացավ «սերմ, հավատք և հունձք» սկզբունքի մասին: Նա գնաց քաղաքի կենտրոն, որտեղ մենք հավաքույթ էինք անցկացնում, և փողոցում գտավ մի տղայի, ով հագուստի կարիք ուներ և մի քանի հագուստ տվեց նրան: Մարդիկ անմիջապես սկսեցին Ջերրիին հագուստներ տալ: Դա սկսվեց այդ հավաքույթի ժամանակ, և այդ օրվանից դա շարունակվում է: Այսօր Աֆրիկայում շատ քարոզիչներ կան, ովքեր հագնում են Ջերրի Սավելի կոստյումները (անգամ եթե պիջակի թևքերը և տաբատը շատ կարճ են): Նա շարունակում է ցանել և հավաքել հագուստների լավագույն բերքը, որը ես երբևէ տեսել եմ:
Եթե սատանան ճնշում է քեզ, խուճապի մի՛ մատնվիր: Ցանի՛ր: Ցանի՛ր քո գումարները: Ցանի՛ր քո հագուստները, որ հագնում ես: Եվ երբ քո բերքն աճի, դու կարող ես ծիծաղել և ասել. «Է՛յ, սատանա՛, հիմա ո՞վ է ճնշումների տակ»:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մարկոսի 4:1-20
![]()
Սեպտեմբերի 7
Քենեթ Քոփլանդ
Անսպասելիորեն հարստանալ
«Ապա եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի զավակ եք և խոստմունքի համեմատ ժառանգներ»:
Գաղատացիների 3:29
Աղքատությունը այն խնդիրներից մեկն էր, որի մեջ էի տարիներ շարունակ: Բայց ես շատ լավ եմ հիշում այն օրը, երբ ասացի, որ այլևս աղքատ չեմ լինելու: Ես Աստվածաշնչում կարդում էի այն հատվածը, որտեղ ասվում է, որ Աբրահամի օրհնությունները մեզ վրա են գալիս Հիսուս Քրիստոսի միջոցով (Գաղատ. 3:14): Հետո կարդացի 29-րդ խոսքը, որն ասում է. «Ապա եթե դուք Քրիստոսինն եք, Աբրահամի զավակ եք և ԽՈՍՏՄՈՒՆՔԻ ՀԱՄԵՄԱՏ ԺԱՌԱՆԳՆԵՐ»:
Ես բացեցի Երկրորդ օրինաց 28-րդ գլուխը և սկսեցի տող առ տող կարդալ այդ խոստացված օրհնությունները: «Քաղաքի մեջ օրհնյալ, դաշտի մեջ օրհնյալ կլինես: Օրհնյալ կլինես մտնելիս և օրհնյալ կլինես դուրս գալիս: Օրհնյալ կլինես գոմերում, օրհնյալ կլինես դաշտերում, օրհնյալ կլինի քո ձեռքի գործը»: Լսի՛ր, ես միանգամից հարստացա:
Ես դպրոց էի հաճախում Օկլահոմայի Թուլսա քաղաքում և ապրում էի մի փոքրիկ նկուղային տանը, որտեղ ոչ ոք չէր ցանկանա ապրել: Բայց երբ կարդացի այդ խոստումները Աստծո Խոսքում, իմ աչքերը բացվեցին: Ես հասկացա, որ Աստված արդեն փրկել է ինձ աղքատության անեծքից:
Այդ օրը իմ ննջասենյակում ձեռքս առա իմ Աստվածաշունչը և ասացի. «Ես ցանկանում եմ հայտարարել Ամենակարող Աստծուն, Քրիստոս Հիսուս Նազովրեցուն, երկնքի բոլոր հրեշտակներին, դժոխքի բոլոր դևերին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են լսել, որ այս օրվանից իմ կարիքները լրացվելու են Աստծո փառավոր հարստության չափով Քրիստոս Հիսուսում»:
Ես ասացի Նրան. «Ես կանգնում եմ Քո Խոսքի վրա և սպասում եմ, որ հոգ տանես ինձ համար: Ես երբեք մարդուց ոչ մի գրոշ չեմ խնդրելու»:
Դա շատ տարիներ առաջ էր, և այդպես էլ եղել է: Գիտե՞ս, թե ինչու: Որովհետև այդ որոշումը կապեց ինձ Աստծո զորության հետ: Դա նույնը կանի նաև քեզ համար:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Երկրորդ օրինաց 28:1-3
![]()
Սեպտեմբերի 8
Քենեթ Քոփլանդ
Սերմդ ցանի՛ր, ու հետևի՛ր, թե ինչպես է այն աճում
«Եվ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծո արքայությունը կամ ի՞նչ առակով առակի բերենք նրան: Այն նման է մանանեխի հատի, որ երբ հողի մեջ սերմվում է, երկրիս վրա ամեն սերմերից փոքրն է: Եվ երբ սերմվում է, բուսնում է և ամեն բանջարից ավելի մեծ է լինում և մեծ ճյուղեր է արձակում, մինչև որ կարողանում են երկնքի թռչունները նրա հովանիի տակ բնակվել»:
Մարկոսի 4:30-32
Հիսուսը Աստծո արքայության գործերը համեմատում է այս երկրի վրա սերմ ցանելու հետ: Նա ասում է. «Երբ որ սերմը սերմվում է, բուսնում է...»:
Ուշադրությո՛ւն դարձրու, որ Հիսուսը չի ասում, թե այն երբեմն աճում է, կամ էլ այն աճում է, եթե դա Աստծո կամքն է: Նա ասում է. «Այն բուսնում է և... ավելի մեծ է լինում»: Վերջակետ:
Աստծո տնտեսությունը նման չէ մեր տնտեսությանը: Այն մի օր վերելք, մի օր անկում չի ապրում: Այն միշտ նույնն է և միշտ կատարյալ ձևով է գործում: Եթե քո հողը, սերմը և ջուրը բարի են, ուրեմն դու կաճես: Դա անխուսափելի է:
Իսկ եթե դու կանգնած ես ինչ-որ մի կարիքի առաջ, խուճապի մի՛ մատնվիր... սե՛րմ ցանիր:
Սերմը, որը կարող ես տալ, կարող է լինել գումարի, ժամանակի կամ մեկ այլ ձևով: Բայց, անկախ նրա ձևից, անպայման կյա՛նք դիր դրա մեջ: Տո՛ւր հավատքով՝ շրջապատելով այն փառաբանությամբ և երկրպագությամբ: Ասա՛. «Տե՛ր, բերելով իմ ունեցածը Քեզ՝ ես ինձ եմ բերել: Ես իմ անձը՝ հոգիս, շունչս և մարմինս, Քեզ եմ տալիս»:
Աղոթի՛ր այդ սերմի համար: Լցրո՛ւ այն հավատքով, երկրպագությամբ և Խոսքով: Հետո ցանի՛ր այն: Եվ կարող ես հանգիստ լինել. այն կբուսնի և ավելի մեծ կլինի:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ծննդոց 1:11-31
![]()
Սեպտեմբերի 9
Գլորիա Քոփլանդ
Օգտագործի՛ր քո իրավունքները
«Բայց Նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք»:
Եսայի 53:5
Հիսուսը եկավ աշխարհ և Իր Անձը մեղքի համար զոհեց, որպեսզի քեզ համար ետ գնի այն ամենը, ինչ Ադամը կորցրել էր: Նա եկավ քանդելու սատանայի բոլոր գործերը... հիվանդությունն ու ցավերը ներառյալ: Երբ Նրան ընդունում ես որպես քո կյանքի Տեր, բոլոր այն իրավունքները և արտոնությունները, որոնք ի սկզբանե Աստված նախասահմանել էր քեզ համար (Աստծո հետ հաղորդակցվելու իրավունքը, առողջության և բարգավաճման իրավունքը), վերականգնվում են:
Բայց միայն դու կարող ես կիրառել այդ իրավունքները:
Գիտե՞ս, սատանան անօրենի մեկն է, և թեև Հիսուսը վերցրել է նրա իշխանությունը, թեև նա ոչ մի օրինական իրավունք չունի սպանելու կամ գողանալու Աստծո զավակներից, միևնույնն է, նա կանի դա, քանի դեռ նրան թույլ տաս:
Դու պետք է ստիպես, որպեսզի նա ընդունի իր պարտությունը՝ հավատքով ասելով Աստծո Խոսքը: Գործի՛ր Նրա Խոսքի համեմատ հենց հիմա: Պահանջի՛ր, որ հիվանդությունն ու ցավերը հենց հիմա հեռանան Հիսուսի անունով: Հետո հրաժարվի՛ր ետ կանգնել քո այդ պահանջից: Հակառակվի՛ր սատանային քո ամբողջ կարողությամբ: Նա գուցե մի քիչ դիմադրություն ցույց տա, բայց վաղ թե ուշ ստիպված կլինի ազատվել քեզանից:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մատթեոսի 8:1-17
![]()
Սեպտեմբերի 10
Գլորիա Քոփլանդ
Նրա մեղմ ձայնը
«Եվ այն օծությունը, որ դուք Նրանից ընդունեցիք, բնակվում է ձեր մեջ, և դուք պետք չունեք, որ մեկը սովորեցնի ձեզ, այլ ինչպես այն օծությունը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է և սուտ չէ»:
Ա Հովհաննեսի 2:27
Երբևէ նկատե՞լ ես, որ դու ինչ-որ բաներ գիտես, թեև նախկինում չես իմացել, թե Աստծո Խոսքն ինչ է ասում դրա մասին: Պատճառն այն է, որ Սուրբ Հոգին քո ներսում սովորեցնում է ճշմարտությունը: Նա խոսում է քո հոգու հետ: Իսկ հետո քո հոգին այդ ամենը փոխանցում է քո մտքին: Եվ հանկարծ դու մի նոր միտք ես ունենում. «Ես պետք է ներեմ այդ մարդուն» կամ «Պետք է վերջ տամ նման անշնորհք բաներ ասելուն»:
Երբ քո ամենօրյա կյանքում ավելի ու ավելի ծանոթանաս Աստծո Հոգու հետ, ավելի արագ կլսես Սուրբ Հոգուն և ավելի արագ կհնազանդվես Նրա ասածներին: Քեզ համար սովորություն կլինի թույլ տալ Ճշմարտության Հոգուն, որ հայտնի քեզ Աստծո կամքը: Եվ, հավատա՛ ինձ, դա այն սովորություններից մեկն է, որ Աստված ցանկանում է՝ ունենաս:
Երբ ես սկսեցի ականջ դնել Նրա խորհուրդներին, առաջին բաներից մեկը, որ Սուրբ Հոգին ինձ ասաց, հետևյալն էր. «Ավելի շատ ժամանակ անցկացրու աղոթքի մեջ»: Հնազանդվելով զարմացա, թե որքան հիանալի է օրական մեկ ժամ անցկացնել աղոթքի մեջ: Դա անելուց հետո Աստված դրա մասին հայտնեց ինձ Իր Խոսքում (Մատթ.26:40):
Այդ օրվանից ես աշխարհի տարբեր մասերում շատ մարդկանց հետ եմ խոսել, և նրանք էլ նույն բանն էին լսել: Հավատացիալները ամենուր լսում են, որ Սուրբ Հոգին առաջնորդում է իրենց ավելի շատ ժամանակ անցկացնել աղոթքի մեջ:
Աստված Սուրբ Հոգին ընդամենը մի քանի քրիստոնյաների չի տվել: Նա բոլորիս է այն տվել: Եվ եթե մենք զգայուն լինենք Նրա ձայնին, Նա կառաջնորդի մեզ դեպի Ճշմարտությունը:
Ապա մտածի՛ր, թե որքան այլ կլինի քո կյանքը, եթե ամեն իրավիճակի համար իմանաս Աստծո Ճշմարտությունը: Դա ցանկություն չի՞ բորբոքում քո մեջ, որ լսես հոգուդ: Այն չի՞ քաջալերում քեզ, որ ավելի ուշադրությամբ լսես Աստծո ասածները:
Սկսի՛ր լսել Նրա մեղմ ձայնը, որը քո ներսում է: Պատվի՛ր Նրան և ուրախությամբ հետևի՛ր Նրա առաջնորդությանը քո ամենօրյա գործերում:
Լսի՛ր Նրա հուշումները և արագ հնազանդվի՛ր: Նա պատրաստ է խոսել քեզ հետ:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հովհաննեսի 15:1-15
![]()
Սեպտեմբերի 11
Գլորիա Քոփլանդ
Մի՛ անհանգստացիր
«Տերը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները և փչացնում է ժողովրդի մտածմունքները»:
Սաղմոս 33:10
Գուցե այսօր հայտնվել ես այնպիսի նեղությունների մեջ, որոնք մարդիկ դիտավորյալ են արել՝ քեզ վնաս պատճառելու համար: Նրանք գուցե փորձում են գողանալ քո բիզնեսը, քո տունը, քո երեխաներին կամ էլ ուզում են քանդել քո ամուսնությունը: Եթե այդպես է, ես քաջալերանքի խոսք ունեմ քեզ համար: Ըստ Սաղմոս 33:10-ի՝ Աստված այդպիսի մարդկանց ծրագրերը զրոյի կհավասարեցնի: Նրանց բոլոր դավադրությունները հօդս կցնդեն: Հեթանոսների խորհուրդները կոչնչանան, բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան:
Հիշի՛ր սա: Երբ դու Աստծուն քո ապավենն ես անում նեղության ժամանակ, ոչ ոք չի կարող հաղթել քեզ: Նշանակություն չունի, թե որքան հզոր կարող է հակառակորդ կողմը լինել, հաղթելու հավանականությունը քոնն է, որովհետև դու վստահում ես Աստծուն: Նրանք կարող են մտածել, թե առավելություն ունեն, բայց Աստված է քո կողքին, և դա քեզ առավելություն կտա:
Հանգի՛ստ եղիր, դու ի վերջո հաղթելու ես այս նեղությանը: Միևնույն ժամանակ, եթե հաճես Տիրոջ հետ լինել, Նրա սրտի խորհուրդները անդադար կգան քո սրտի մեջ: «Արդարի բերանը իմաստություն է խոսում, և նրա լեզուն իրավունք է զրուցում: Իր Աստծո օրենքը իր սրտում է, նրա քայլերը չեն տատանվի» (Սաղմ. 37:30, 31): Աստծո խորհուրդը քեզ կայունություն կտա, երբ ամբողջ աշխարհը շուրջդ տատանվի: Չար լուրերը չեն կարող գողանալ քո խաղաղությունը: Աստծո խորհուրդները միանգամից վեր կելնեն և թույլ չեն տա, որ այդ չար լուրերը արմատ գցեն քո սրտում:
Թույլ մի՛ տուր, որ անօրենի ժամանակավոր հաջողությունը շփոթության մեջ գցի քեզ: Փոխարենը «արդարին նայի՛ր և ուղիղի՛ն տես, այդպիսի մարդու վերջը խաղաղություն է» (Սաղմ.37:37):
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 33:1-10
![]()
Սեպտեմբերի 12
Քենեթ Քոփլանդ
Փոխի՛ր պատկերը
«Որովհետև հույսով փրկվեցինք, բայց հույսը, որ տեսնվում է, հույս չէ, քանի որ այն բանը, որ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա»:
Հռոմեացիների 8:24, 25
Ըստ հռոմեացիներին ուղղված թղթի՝ հույսը մի բանին նայելն է, ինչը չես տեսնում: Իսկ ինչպե՞ս ես դա անում: Դու դա անում ես Աստծո Խոսքի խոստումներին նայելով, մինչև որ հոգուդ աչքերում ձևավորվի այդ պատկերը:
Օրինակ՝ ինձ համար ամենադժվար խնդիրներից մեկը այն փաստն է եղել, որ իմ ներսում ես ինձ ֆիզիկապես գեր էի տեսնում: Որքան էլ փորձում էի փոխել այդ պատկերը, այն չէր հեռանում: Ես միշտ դիետա էի պահում: Տարիների ընթացքում հարյուրավոր կիլոգրամներ եմ կորցրել (և նույնքան էլ նորից հավաքել):
Եվ, ի վերջո, ես պետք է ընդունեի, որ քանի դեռ իմ ներքին պատկերը իմ մասին գեր է, արտաքին պատկերս անպայման կհամապատասխանի դրան: Հիշի՛ր, հավատքն է, որ փոխում է իրավիճակները, և առանց ներքին պատկերի հույսի հավատքը չի կարող գործել:
Ուստի ես որոշեցի յոթ օր ծոմ պահել: Ամբողջ Աստվածաշնչում փնտրեցի ուտելիքի և ուտելու մասին խոսքեր և, հավատացեք, շատ խոսքեր գտա:
Ես սկսեցի խորհել այդ խոսքերից յուրաքանչյուրի շուրջ և յոթ ամբողջ օր աղոթեցի Հոգով: Ի՞նչ էի ես անում: Ես մեկ այլ ներքին պատկեր էի ձևավորում:
Սա մի գիշերվա մեջ չի ստացվում: Սրա համար ժամանակ է հարկավոր: Հատկապես եթե այդ ներքին պատկերդ տարիներով արմատացած է եղել քո ներսում:
Բայց դու կարող ես անել դա: Այսօր վերցրո՛ւ Աստծո Խոսքը և սկսի՛ր փոխել քո ներսում գտնվող պատկերը: Անհուսության պատկերը դարձրո՛ւ հույսի պատկեր: Քո սրտում պատրաստի՛ր այդ պատկերի լուսապատճենը, իսկ քո հավատքը դրա վրա կկառուցի իրական պատկերը:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների 4:16-21
![]()
Սեպտեմբերի 13
Քենեթ Քոփլանդ
Իրական բարեխոսություն
«Եվ տեսավ, որ մարդ չկար, և զարմացավ, որ միջնորդ չկար»:
Եսայի 59:16
Երբ ինչ-որ մեկը վիրավորում է մեզ, առաջինը, որ մարդկայնորեն ցանկանում ենք անել, պատասխան տալն է… ու Աստծուն խնդրելն է, որ հաշվեհարդար տեսնի: Բայց սա Աստծո ձևը չէ:
Ես դա հասկացա, երբ մի օր կողոպտեցին իմ բարեկամներից մեկին: Ես մտածում էի և ցանկանում էի լուծում գտնել այդ իրավիճակի համար և հարցնում էի Աստծուն. «Տե՛ր, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ նման բան պատահի: Ինչո՞ւ չհարվածեցիր այդ գողի գլխին գողության պահին»:
Հանկարծ Աստված օգնեց ինձ դուրս գալ այդ իրավիճակից և նայել դրան հոգևոր և ոչ թե ֆիզիկական աչքերով:
Այդպես վարվելուց հետո ես իմ հարցի պատասխանը ստացա նույն արագությամբ, ինչ արագությամբ որ տվել էի: Դա եղավ Նրա ողորմության շնորհիվ: Աստծո ողորմությունը շատ, շատ մեծ է: Ոչ միայն իմ և իմ ընտանիքի, այլ նաև ուրիշների համար:
Մտածի՛ր սրա մասին, երբ ինչ-որ մեկը վատ վարվի քեզ հետ: Փոխարենը խնդրելու, որ Աստված հարվածի այդ մարդու գլխին, ինչպես ես արեցի, մտածի՛ր, որ որքան էլ այդ մարդը ստոր լինի, հնարավոր է, որ նրա տատիկը աղոթում է նրա փրկության համար: Կա՛նգ առ և հիշի՛ր, որ Աստված այնքան էր սիրում նրան, որ մահացավ նրա համար, և որ Աստված ցանկանում է ներել և ոչ թե պատժել:
Այդ ժամանակ դու կարող ես սկսել աղոթել նրա համար՝ միանալով նրա տատիկին (կամ ուրիշ մեկին, ով գուցե այդ պահին աղոթում է նրա համար): Դու կարող ես Տիրոջ մոտ գնալ և ողորմություն խնդրել նրա համար և նրա անունից կարող ես հակառակվել սատանային: Դա իրական բարեխոսություն է, և դա խավարի ուժերին շփոթության է մատնում: Նրանք բացարձակ ոչ մի պաշտպանություն չունեն դրանից:
Աստված փնտրում է այնպիսի մարդկանց, ովքեր բավական քաջ են, բավական նվիրված են այդ գործն անելու համար: Համարձակվի՛ր լինել այդ մարդկանցից մեկը: Երբ գայթակղություն է լինում հաշվեհարդար տեսնել մեկից, փորձի՛ր դրա փոխարեն փոխել նրա կյանքը:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ղուկասի 6:27-36
![]()
Սեպտեմբերի 14
Գլորիա Քոփլանդ
Ընդունի՛ր խրատը
«Ծաղր անողին մի՛ հանդիմանիր, որ քեզ չատի, հանդիմանի՛ր իմաստունին, և նա քեզ կսիրի: Գիտությո՛ւն տուր իմաստունին, և էլ ավելի իմաստուն կդառնա, արդար մարդուն սովորեցրու, և նա կավելացնի ուսումը»:
Առակաց 9:8, 9
Գոյություն ունի մի բան, որը կարագացնի քո հոգևոր աճը ավելի, քան որևէ այլ բան. դա Աստծո Հոգուց և Նրա ժողովրդից խրատը ընդունելու կարողությունն է:
Այնքան քիչ հավատացիալներ են կարողանում ընդունել խրատը: Երբ քարոզիչը բեմ է բարձրանում և սկսում քարոզել մի բան, որի մասին նրանք արդեն գիտեն, մի բնագավառի մասին, որն արդեն հանձնել են Տիրոջը, նրանք մտածում են, որ այդ մարդը շատ հոյակապ քարոզիչ է: Նրան սկսում են սիրել, քանի որ իրենց լավ զգացողություն է պարգևում: Բայց երբ նա քարոզում է մի բանի մասին, որտեղ սխալներ ունեն, նրանք վիրավորվում են:
Աստված ասում է, որ դա հիմարություն է: Նա Առակաց 1:7-ում ասում է, որ միայն հիմարներն են անարգում և մերժում խրատը:
Ուրեմն, մի՛ եղիր այդպիսին: Եթե քո հովիվը կամ էլ Քրիստոսի մարմնից ինչ-որ մեկը խրատում է քեզ, երախտագիտությամբ ընդունի՛ր այն: Գնահատի՛ր նրանց, ովքեր Աստծո իմաստությունն են բաժնեկցում քեզ հետ: Երբ մի մարդ ասում է, որ դու ինչ-որ տեղ սխալվել ես, մի՛ բորբոքվիր նրա դեմ, քննի՛ր քեզ և ասա՛. «Դա ճի՞շտ է: Արդյո՞ք դա համապատասխանում է Աստծո Խոսքին: Արդյո՞ք այդտեղ փոփոխություն մտցնելու կարիք կա»:
Եթե այդ հարցերի պատասխանը դրական է, այդ դեպքում կատարի՛ր անհրաժեշտ փոփոխությունները, որպեսզի կյանքդ կարգի գցես:
Գիտեմ, դա հեշտ գործ չէ: Ոչ մեկիս հաճելի չէ, երբ ուղղում են մեզ: Բայց եթե դու որոշում կայացնես, որ ինչ էլ լինի, կընդունես այդ խրատը, որ բաց կլինես խրատի համար, դու կկարողանաս առաջ գնալ և ավելի արագ աճել հոգևորում:
Մի մարդ ասել է. «Եթե կարծում ես, թե արդեն հասել ես, ուրեմն դու այլևս ոչ մի տեղ չես կարող գնալ»: Հիշի՛ր այս խոսքերը, երբ հաջորդ անգամ ինչ-որ մեկը փորձի ուղղել քեզ: Սիրի՛ր այդ մարդուն և շնորհակա՛լ եղիր քո հոգևոր ընթացքն արագացնելու համար: Եթե այդպես վարվես, դու ամեն անգամ հաղթանակած կլինես:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Առակաց 3:11-24
![]()
Սեպտեմբերի 15
Գլորիա Քոփլանդ
Հոգուդ համար հոգ տանելու ժամանակ ունե՞ս
«Բայց աշխարհի հոգսերը
և հարստության խաբեությունը և ուրիշ բաների ցանկությունները մտնում են, խոսքը խեղդում, և անպտուղ է լինում»:
Մարկոսի 4:19
Գիտեի՞ր, որ քո ամենօրյա
կյանքի թվացյալ անմեղ բաները կարող են խեղդել քո հոգևոր կյանքը, եթե թույլ տաս:
Իմ
ընկերուհիներից մեկն ասաց, որ Տերը մի
օր ասել էր իրեն աղոթքի ժամանակ, որ այս ազգը
դարձել է մի ազգ, որն անընդհատ զբաղված
է զանազան հոգսերով: «Դուք այնքան շատ բանի
համար պետք է հոգ տանեք՝ ձեր տան, ձեր մեքենայի, ձեր բակի, ձեր տեխնիկայի, ձեր մազերի
և շատ ուրիշ բաների համար...»:
Այո՛, դա այդպես է: Մարդը կարող
է այնքան բաների համար հոգ տանել, որ ժամանակ
չունենա իր հոգու համար հոգ տանելու:
Երբ
քեզ հայտնաբերես նման իրավիճակում, ուրեմն թեթևացրո՛ւ
քո կյանքը: Ես ինքս ստիպված եմ
եղել սովորել դա: Այժմ, երբ մտածում եմ, թե արժի՞ այս
կամ այն բանը ձեռք բերել, ես ոչ միայն
դրա արժեքն եմ հաշվում դոլարով, այլ նաև մտածում
եմ, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի պատշաճ կերպով հոգ տանեմ դրա համար: Եվ հաշվում եմ, թե կարո՞ղ
եմ արդյոք ինձ նման բան թույլ տալ հոգևոր առումով:
Տիմոթեոսի
երկրորդ թղթի 2:4-ն ասում է. «Ոչ մի զինվորություն
անող այս աշխարհի գործով չի զբաղվում»: Անցյալ 25
տարիների ընթացքում ես մի բան եմ սովորել. ոչինչ այդքան
կարևոր չէ, որքան աղոթքով և Խոսքով
Հոր հետ հաղորդակցվելը: Իմ կյանքում բացարձակապես
ոչինչ դրանից կարևոր չէ:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մարկոսի 4:18-24
![]()
Սեպտեմբերի 16
Քենեթ Քոփլանդ
Մասնակցի՛ր քվեարկությանը
«Արդ աղաչում եմ ամենից
առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն
ամեն մարդկանց համար, թագավորների և ամեն իշխանավորների համար, որ խաղաղ և հանդարտ կյանք վարենք, բոլոր աստվածապաշտությունով և սրբությունով»:
Ա Տիմոթեոսի 2:1, 2
Մեզ պատվիրված է աղոթել մեր երկրի և մեր առաջնորդների համար: Բայց աղոթելու հետ մեկտեղ Աստված ակնկալում է, որ մենք նաև գործենք: Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրությունները շատ կարևոր են այս ազգի ապագայի
համար: Մեր երկիրը Հոգու նոր շարժի մեջ է, և շատ կարևոր է, որ ճիշտ մարդիկ
ընտրվեն: Մենք պետք է հետևենք
դրան:
Մի՛
սպասիր, որ ընտրությունների
ժամանակները մոտենան, և միայն այդ ժամանակ
փնտրես Աստծո երեսը՝ իմանալու, թե ում ձայն տաս: Սկսի՛ր աղոթել հիմա, որպեսզի լրատվամիջոցները
և տարբեր տեղերից եկող ձայները չկարողանան ազդել քեզ վրա
և չկարողանան հեռացնել քեզ Աստծո Հոգու ուղղությունից: Աղոթի՛ր, որ չընկնես
հնարամիտ գովազդների և գաղափարախոսությունների աղդեցության տակ:
Սկսի՛ր
հիմա աղոթել գալիք ընտրությունների համար: Լինեն դրանք
տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ թե ընդհանուր ազգային ընտրություն, թող դրանք կազմեն քո աղոթքների մի մասը: Այնուհետև շնորհակալությո՛ւն հայտնիր Աստծո Հոգուն Իր իմաստության
համար: Շնորհակալությո՛ւն հայտնիր Նրան, որ իմաստություն
է տալիս իմանալու, թե երբ և ինչ ասես
ուրիշներին: Շնորհակալությո՛ւն հայտնիր, որ Նա իմաստություն
է տալիս հռչակելու Հիսուսի անունը և հռչակելու, որ սա կլինի աստվածահաճո, Աստծո կողմից
կարգված և Աստծո կողմից նախասահմանված վարչություն:
Ուրեմն
գրանցվի՛ր: Աղոթի՛ր: Քվեարկի՛ր: Այնուհետև
հրապարակավ արտահայտի՛ր քո կարծիքը:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Տիմոթեոսի 2:1-8
![]()
Սեպտեմբերի 17
Գլորիա Քոփլանդ
Քա՛ջ եղիր
«Միայն թե զորացի՛ր և շատ քա՛ջ եղիր, որ պահես և անես այն ամեն օրենքի պես, որ
Իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է, նրանից չխոտորես աջ կամ ձախ, որ ամեն բանում խելամուտ
լինես, ուր որ գնում ես»:
Հեսուի 1:7
Հավատքի կյանք ապրելու համար քաջություն
է պահանջվում: Թեև շատերը չեն գիտակցում, բայց դա այդպես
է: Քաջություն է հարկավոր կանգնելու և հիվանդի երեսին ասելու, որ նա բժշկված է Հիսուսի
վերքերով: Քաջություն է հարկավոր բարգավաճմանը հավատալու և վերջին լումադ զոհաբերության
պարկի մեջ գցելու համար, երբ աղքատությունը ուղիղ նայում է աչքերիդ: Կլինեն օրեր, երբ
կուզենաս թաքնվել, քան հավատքի քայլ անել սատանայի դեմ: Բայց դու չես կարող թաքնվել:
Որովհետև հավատքի պատերազմը մեկ անգամ չեն անում և հետո մոռանում: Եթե ցանկանում ես
հաղթանակած ապրել, ուրեմն դու նորից ու նորից պետք է պատերազմես:
Այլ ճանապարհ չկա: Իհարկե, Աստծո զավակներից ոմանք փորձում են գտնել այդ ճանապարհը,
օրինակ՝ իսրայելացիները: Նրանք մտածում էին, որ իրենց պատերազմները Կարմիր ծովը անցնելով
ավարտվեցին: Ուստի, երբ նրանք լսեցին Խոստացված երկրում ապրող հսկաների մասին, որոշեցին,
որ չեն կարող հաղթել այդ պատերազմում: Նրանք այլևս քաջություն չունեին: Ուստի 40 տարի
շրջեցին անապատում:
Բայց գիտե՞ս, թե ինչ: Նրանք այդպես էլ չկարողացան խույս տալ այդ պատերազմից: Երբ ժամանակը
եկավ, որ հաջորդ սերունդը մտնի Խոստացված երկիր, հսկաները դեռ այնտեղ էին:
Բայց այս անգամ նրանք քաջություն ունեցան նրանց դեմ կանգնելու համար: Որտեղի՞ց նրանք
կարողացան գտնել այդ քաջությունը: Աստծո Խոսքից:
Նրանց առաջնորդը՝ Հեսուն, հնազանդվել էր Աստծո պատվիրաններին և այդ Խոսքը պահել էր
իր մտքում և իր սրտում օր ու գիշեր: Նա խորհում էր դրա շուրջ և թույլ էր տալիս, որ
այդ Խոսքը հիշեցնի, որ Աստված իրենց կողմից է:
Եթե պատրաստվում ես հավատքի բարի պատերազմը պատերազմել մինչև վերջ, ապա պետք է Հեսուի
նման վարվես: Դու շարունակ պետք է քաջություն վերցնես Աստծո Խոսքից: Ուրեմն որոշո՛ւմ
կայացրու, որ այդպես ես վարվելու: Խորասուզվի՛ր Խոսքի մեջ և թո՛ւյլ տուր, որ այն քեզ
երկչոտից հաղթող դարձնի: Այնուհետև քայլերգելով գնա՛ պատերազմի և կոտորի՛ր քո երկրում
ապրող հսկաներին:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հեսուի 1
![]()
Սեպտեմբերի 18
Քենեթ Քոփլանդ
Ինչո՞ւ է Աստված ստեղծել քեզ
«Այն, որ տեսանք և լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ և մեր հաղորդությունը Հոր հետ և Նրա Որդի
Հիսուս Քրիստոսի հետ»:
Ա Հովհաննեսի 1:3
Մարդն իրոք յուրահատուկ էակ է: Նա ստեղծված է Աստծո պատկերով: Մարդը ստեղծված
է Աստծո հետ հաղորդակցվելու համար:
Որոշ
մարդիկ այն կարծիքին են, որ Աստված ստեղծել
է մարդուն, որ իշխի նրա վրա: Բայց Աստված բռնապետ չէ: Աստված սեր է, իսկ սերը ցանկանում
է տալ: Դրա համար Աստված ստեղծեց մարդուն: Նա ստեղծեց մարդուն, որ կարողանա տալ Իր սերը:
Աստված
կարող էր Իր սերը տալ հրեշտակներին, և Նա այդպես
էլ վարվեց: Բայց հրեշտակներին
տալով՝ Նա կատարյալ բավարարվածություն չստացավ: Ինչո՞ւ: Որովհետև հրեշտակները
Աստծո պատկերով չեն ստեղծված:
Դու
էլ ես այդպես: Օրինակ՝ պատկերացնենք, թե դու մի փոքրիկ շնիկ ես պահում: Դու կարող ես ուզածիդ չափ շփվել այդ շնիկի հետ, բայց հետո գալիս է ժամանակ, երբ ուզում
ես խոսել մեկի հետ: Գալիս է մի պահ, երբ ցանկանում ես հաղորդակցվել քեզ նմանի հետ:
Դրա
պատճառն այն է, որ դու Աստծո պատկերով
ես ստեղծված: Ահա թե ինչպիսին է
Նա: Նա ցանկություն ունի հաղորդակցվել Իր նման մեկի
հետ:
Այսօր
համարձակությամբ հավատա՛, որ դու իրոք
յուրահատուկ ես, եզակի արարած՝ ստեղծված Աստծո կողմից Նրա պատկերով: Համարձակությամբ ընդունի՛ր Նրա սերը, և դու էլ համարձակությամբ պատասխանի՛ր Նրան նույն սիրով:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ծննդոց 1:26-31
![]()
Սեպտեմբերի 19
Քենեթ Քոփլանդ
Մի խոսք հրեշտակների մասին
«Որովհետև Իր հրեշտակներին
հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ
քո բոլոր ճանապարհներում»:
Սաղմոս 91:11
Ժամանակն է ամեն բան ասել այնպես, ինչպես որ կա: Հրեշտակները մանուկներ
չեն: Նրանք թմբլիկ երեխաներ չեն, ովքեր երկար ու շեկ խոպոպներ ունեն, իսկ ձեռքերին՝ նետ ու աղեղ: Հրեշտակները մեծ և ուժեղ մարտիկներ են: Նրանք իրական են ու հզոր: Եվ եթե դու
հավատացյալ ես, նրանք կարևոր մաս են
կազմում քո կյանքում:
Ամբողջ
Աստվածաշնչում կարելի է շատ օրինակներ գտնել, թե ինչ կարող են անել հրեշտակները: Օրինակ, երբ Իսրայելի ժողովուրդը
փախչում էր Եգիպտոսից, երբ փարավոնի զորքն
ընկել էր նրանց ետևից, Աստվածաշունչն ասում
է, որ հանկարծ եգիպտացիների կառքերի անիվները վնասվեցին: Դրանք պարզապես դադարեցին պտտվել:
Ըստ
քեզ՝ ովքե՞ր արեցին դա: Իհարկե, հրեշտակները:
Նրանք
այդ ժամանակվանից ի վեր դեռ գործում են և թոշակի չեն գնացել: Հրեշտակները այսօր գործում են ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ:
Մի
քանի տարի առաջ իսրայելական խոշոր պատերազմներից մեկում թշնամին իր զենքերն ուղղել
էր Իսրայելի քաղաքների վրա: Դրանք նորագույն
զենքեր էին, որ ռազմական գումարներով
կարելի էր ձեռք բերել: Դրանք հեռահար զենքեր
էին՝ առնվազն 32կմ հեռու հարվածելու առավելությամբ, և ունեին էլեկտրակառավարվող գլխիկներ՝ ճշգրտության համար:
Բայց
մի հին ու ծանոթ բան կատարվեց: Ամեն անգամ, երբ թշնամին կրակում էր այդ զենքերով իսրայելացիների վրա, դրանք կամ նպատակակետին չէին հասնում, կամ էլ շատ հեռու էին թռչում: Համոզված ենք, որ խնդիրը զենքի մեջ
չէր, քանի որ հետագայում իսրայելացիները գրավեցին
դրանք և դրանցով իսկ ետ կրակեցին թշնամիների վրա և մեծ հաջողություն ունեցան:
Ո՞րն
էր խնդիրը: Հրեշտակներն էին այդ
գործին խառնվել: Ահա թե ինչ:
Բարեկա՛մս, սա հեքիաթ չէ, այլ կյանքի
իրական օրինակն է այն բանի, որ այսօր
հրեշտակները գործում են Աստծո ժողովրդի կյանքում: Եվ եթե դու Աստծո զավակն ես, ուրեմն իրավունք
ունես ակնկալելու, որ Աստծո հրեշտակները
նույն բանը կանեն քեզ համար:
Այսպիսով՝
սկսի՛ր սպասել: Ասա՛. «Շնորհակալությո՛ւն, երկնայի՛ն Հայր, որ Քո հրեշտակներին
պատվիրել ես՝ պաշտպանեն ինձ իմ բոլոր
ճանապարհներում»: Այդ հավատքի խոսքն
ասելով՝ ամո՛ւր կանգնիր: Մի՛ վախեցիր: Մի՛ տատանվիր: Պարզապես համբերի՛ր
և շարունակի՛ր հավատալ, և դու անպայման կտեսնես
Աստծո փրկությունը:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Գործք առաքելոց 12:1-17
![]()
Սեպտեմբերի 20
Քենեթ Քոփլանդ
Ժամանակն է լրջանալու
«Ո՛վ Աստված, Դու ես իմ Աստվածը, առավոտից Քեզ եմ ման գալիս... Քեզ հիշում եմ անկողնումս, գիշերվա պահերին Քեզ վրա եմ մտածում»:
Սաղմոս 63:1, 6
Եթե ցանկանում ես ապրել՝ ունենալով աստվածային առողջություն, այդ դեպքում կլինեն ժամանակներ, երբ ծայրահեղ մոտեցում պետք է ցուցաբերես Աստծո Խոսքի հանդեպ: Եթե լինեն այնպիսի պահեր, երբ կանգնես սուր հիվանդության առաջ, բժշկություն ստանալու համար անհրաժեշտ կլինի ավելին, քան մեկ-երկու րոպե Խոսքի մեջ լինելը կամ էլ հապճեպ աղոթքը:
Ես
ուզում եմ ասել շատ գործնական օրինակներով, թե ինչ կանեի
նման իրավիճակում:
Առավոտյան
արթնանալուն պես՝ նախքան որևէ բան ձեռնարկելը, Հաղորդություն կընդունեի: Ես կասեի. «Տե՛ր, ես իմ մարմինը
ամբողջ օրը նվիրում եմ իմ Տեր Հիսուս Քրիստոսին ծառայելուն: Ես ինձ վրա եմ առնում Հիսուսի սուրբ արյունը, որ թափվել է ինձ համար»:
Հետո
սատանային իր տեղը կդնեի: Կասեի. «Ես հանդիմանում եմ քեզ, սատանա՛: Այսօր դու ոչ մի հիվանդություն
ու ցավ չես կարող բերել ինձ: Անկախ նախանշաններից, անկախ իմ մարմնի մտածածից՝ Սուրբ Հոգու միջոցով Հիսուս Քրիստոսի
զորությամբ ես հաղթել եմ այդ հիվանդությանը, քանի որ Նա, որ իմ ներսում է, ավելի մեծ է, քան նա, որ այս աշխարհում է»:
Հետո
ամբողջ օրը ես շնորհակալություն կհայտնեի Աստծուն իմ բժշկության համար: Ես կընտրեի ուսմունքի մի քանի ձայներիզներ, որոնք կլցնեին իմ միտքը և հոգին Աստծո օծված Խոսքով, և ամբողջ օրը կլսեի դրանք: Կեսօրին կփառաբանեի Աստծուն և նորից հաղորդություն կընդունեի՝ հիշեցնելու
ինձ, որ Հիսուսի արյունը իմ երակներում է, որ ես Աստծո ընտանիքի մի մասն եմ:
Կարիք
չկա սպասել ամեն ամսվա երկրորդ կիրակի օրվան կամ էլ ինչ-որ կոնկրետ մի օրվա, որպեսզի Հաղորդություն ընդունես: Հիսուսն ասաց. «Քանի անգամ որ անեք
սա, արե՛ք Իմ հիշատակի համար»: Եվ եթե հանդիպել ես սատանայի լուրջ գրոհներին, դու օր ու գիշեր պետք է հիշես Հիսուսին: Դու պետք է Նրա մասին խորհես, մինչև որ Հիսուսի մտքերը
դուրս մղեն հիվանդության մտքերը քո ուղեղից:
Այդ
գիշեր՝ քնելուց առաջ, ես նորից Հաղորդություն
կընդունեի, կփառաբանեի Աստծուն
ու կքնեի: Եթե գիշերը արթնանայի, ես ձեռքս կմեկնեի ու Աստվածաշունչս կվերցնեի և կկարդայի
բժշկությանը վերաբերող բոլոր խոսքերը, որպեսզի սատանան
զղջար ինձ արթնացնելու համար:
Երբ
սատանան լուրջ գրոհ է ձեռնարկում քո մարմնի դեմ, մի՛ շփոթվիր: Լո՛ւրջ մոտեցիր Խոսքին: Անձդ դի՛ր Խոսքի հոգածության տակ, և այն լավ հոգ կտանի քեզ համար:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Եբրայեցիների 4:9-16
![]()
Սեպտեմբերի 21
Քենեթ Քոփլանդ
Հավատքի միություն
«Եվ Նա մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին՝ մարգարեներ, մի քանիսին՝ ավետարանիչներ, մի քանիսին՝ հովիվներ և վարդապետներ, սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար: Մինչև որ ամենքս հասնենք հավատքի և Աստծո Որդուն ճանաչելու միությանը»:
Եփեսացիների 4:11-13
Մինչև որ ամենքս հասնենք հավատքի ... միությանը:
Այս խոսքը պարզապես նկատի ունի, որ, եթե մենք երբևէ պատրաստվում ենք իրոք հզոր լինել
Աստծո թագավորության մեջ, եթե ցանկանում ենք մեծ սպառնալիք լինել սատանայի համար, պետք
է միասին աճենք:
Դեռ բավական չէ, որ մեկ-երկուսս ինքներս մեզ համար առանձին աճենք ու ուրիշների մասին
էլ ասենք՝ «Շա~տ վատ է»: Օ~, ոչ: Յուրաքանչյուրս՝
մեկս մյուսի մի մասն ենք կազմում: Աստվածաշունչը մեզ մի մարմին է անվանում՝ Քրիստոսի
մարմին:
Թույլ տուր մի օրինակ բերել: Երբ սկսեցի ուսուցանել բարգավաճման օրենքի մասին Աստծո
հայտնությունները, ես աներևակայելի քննադատությունների արժանացա: Քարոզիչները զանգահարում
էին ինձ, մի լավ հանդիմանում այն պատճառով, որ ես պարտքով գումար չէի վերցնում և էլի
նման բաների համար: Եվ վերջապես մի օր Աստված աղոթքի ժամանակ ասաց ինձ. «Այլևս բարգավաճման
օրենքների մասին մի՛ քարոզիր, մինչև որ քեզ չասեմ»:
«Ինչո՞ւ»,- հարցրեցի ես:
«Բանակում կռիվներ են,- պատասխանեց Նա: - Շատ քարոզիչներ բարկացած են քեզ վրա և դրա
պատճառով վեճերի մեջ են»:
Ես այն ժամանակ չէի հասկանում, որ այն մակարդակը, որի վրա մենք կանգ էինք առել, կարող
էր բոլորիս վրա ազդել: Ես չէի հասկանում, որ չեմ կարողանա նույնիսկ շարունակել և ավելին
ասել բարգավաճման օրենքների մասին, մինչև որ եկեղեցու մնացած մասն ինձ հետ չգար:
Մենք առանձին կղզյակներ չենք: Ես չեմ կարող որևէ բան անել, որը չազդի քեզ վրա: Դու
էլ չես կարող որևէ բան անել ու չազդել ինձ վրա: Աստված է մեզ միավորել, բայց մենք ենք
իրար հարմարվում (Եփ. 4. 16): Աճել մենք կարող ենք, եթե միասին ենք:
Սովորի՛ր քայլել սիրով: Հրաժարվի՛ր բաժանումների կամ մեկուսացումների համար խայծ լինելու
գայթակղություններից: Սնվի՛ր Աստծո Խոսքով ամեն օր և քաջալերի՛ր քո եղբայրներին և քույրերին՝
նրանց էլ Խոսքով կերակրելով, որպեսզի մենք բոլորս աճենք ու «կատարյալ (հասուն) մարդ»
դառնանք Քրիստոսի կատարյալ հասակի չափով:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Կորնթացիների 12: 13-28
![]()
Սեպտեմբերի 22
Քենեթ Քոփլանդ
Ամեն օր փոքր - փօքր
«Աստծո արքայությունը ինչի ՞ նման է, և ինչի՞ նմանեցնեմ նրան: Մանանեխի հատի նման է, որը մի մարդ առավ իր պարտեզի մեջ ցանեց, և մեծացավ և մեծ ծառ եղավ, և երկնքի թռչունները նրա ճյուղերի վրա բնակվեցին»:
Ղուկասի 13:18, 19
Եթե ցանկանում ես աճել Աստծո թագավորության
մեջ, ուրեմն պետք է հողում տնկված սերմի պես լինես: Ինչպե՞ս է սերմը աճում: Միանգամի՞ց:
Ո՛չ, այն շարունակ աճում է՝ օրը 24 ժամ, կամաց-կամաց, մինչև որ իրականացնում է այն,
ինչի համար ստեղծված էր:
Շատերս հոգևոր առումով այդպես չենք գործում: Մենք մի քանի օր ջանասիրաբար աղոթում ու
սերտում ենք և հետո թողնում: Իսկ երբ ինչ-որ մի աղետ է գալիս, մենք խելապատառ փորձում
ենք աղոթել ու կանգնել Խոսքի վրա և գիտակցում, որ ինչ որ պատճառով մենք այնքան ուժեղ
չենք, որքան որ պետք է լինեինք:
Աստծո թագավորությունում հաջողությունները մեկ գիշերվա մեջ չեն լինում: Իրական զորությունը,
իրական աճը գալիս է այն ժամանակ, երբ դու հետևողաբար և անընդմեջ Խոսքը պահում ես քո
ականջներում, քո սրտում և քո աչքերի առաջ: Ոչ թե այն դեպքում, երբ ցանկանում ես կամ
էլ զգում ես, որ պետք է, այլ ամեն ժամանակ, ինչպես սերմը, ամեն օր՝ փոքր-փոքր:
Մեկ անգամ մի մարդ մոտեցավ ինձ և ասաց. «Լսի՛ր, քո ծառայությունը մի գիշերվա մեջ է
ստեղծվել, այդպես չէ՞»:
«Եթե նույնիսկ այդպես է եղել, ապա դա իմ կյանքի ամենաերկար գիշերն է եղել»,- պատասխանեցի
ես:
Նրա տեսանկյունից իմ հաջողությունը կարծես միանգամից էր տրվել: Պատճառն այն է, որ նա
չի տեսել ինձ այն ժամերի և շաբաթների, ամիսների և տարիների ընթացքում, որ ես անցկացրել
եմ Աստծո Խոսքի մեջ: Նա չի տեսել այն ամենօրյա ջանքը, որն ընկած էր այդ հաջողության
ետևում: Նա պարզապես արդյունքներն էր տեսնում:
Այսօր որոշու՛մ կայացրու, որ կսկսես աճի մշտական, ամենօրյա ընթացքը: Որոշի՛ր, որ Խոսքը
հետևողականորեն կդնես քո սրտում, ամեն օր մի տող այստեղից, մի տող այնտեղից, մի ձայնագրություն
այստեղից, մի ձայնագրություն այնտեղից:
Սկսի՛ր այնպես վարվել, կարծես Խոսքը վերաբերվում է քո օրվա յուրաքանչյուր ժամին՝ անկախ
այն բանից, թե ինչ կպատահի, կամ թե ինչպես կզգաս քեզ: Շարունակի՛ր ավելացնել հավատքդ
շաբաթը յոթ օր մտածելով, դավանելով Խոսքը:
Եվ արդյունքում քո հավատքը կլինի ավելի մեծ, քան երբևէ երազել էիր:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ղուկասի 13:18-21
![]()
Սեպտեմբերի 23
Գլորիա Քոփլանդ
Բորբոքի՛ր կրակը
«Մոտեցե՛ք Աստծուն, և Նա կմոտենա ձեզ»:
Հակոբոսի 4: 8
Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ խորասուզվել
էիր Խոսքի մեջ և որքան հիացած էիր Աստծո գործերով: Հիշո՞ւմ ես, որ անհամբերությամբ
ուզում էիր կարդալ Աստվածաշնչի հաջորդ գլուխը կամ լսել վերջին ուսմունքի ձայներիզը:
Գոյություն ունի միայն մի բառ, որով կարող եմ նկարագրել այդ վիճակը: ՏԱՔ: Քո վերստին
ծնված հոգին վառվում էր Աստծո համար:
Երբ Քենեթն ու ես առաջին անգամ լսեցինք հավատքի ուղերձը, մենք այդպիսին էինք: Մենք
այնպես կրակոտ էինք, որ աշխարհում ուրիշ ոչ մի բան չեր հետաքրքրում մեզ: Մենք սովորել
էինք, որ կարող ենք Սաստծո Խոսքին վստահել այնպես, ինչպես ամենամտերիմ ընկերոջ խոսքին
կվստահես, և քաղցած պրպտում էինք այն ամենը, ինչ Նա խոստացել էր մեզ Իր Խոսքում:
Այդ ժամանակ կարծես Աստծո Խոսքը կարդալուց բացի այլևս ոչինչ չէի անում: Ես կարդում
էի հավատքի գիրքը: Ձայնագրություններ էի լսում: Ես նվիրված էի, միայն և միայն հետաքրքրված
էի Աստծո Խոսքով:
Բայց հետզհետե դա փոխվեց: Սկզբում ես չէի էլ գիտակցում, որ նման բան է կատարվում: Այնուհետև
Սուրբ Հոգին սկսեց աշխատել ինձ հետ և ցույց տալ, որ գոլ (սառն) եմ դարձել: Ես թույլ
էի տվել, որ կրակը մարեր: Ճիշտ է, շարունակում էի կարդալ Խոսքը, բայց կորցրել էի իմ
խանդավառությունը:
Գուցե դու էլ նման փորձառություն ունես: Եթե այդպես է, ուրեմն թույլ տուր ասել, թե
ինչպես վերադարձնել կրակը: Այն գործեց ինձ համար, կգործի նաև քեզ համար:
Աստծո Խոսքն ասում է, որ մոտենանք Իրեն, և Նա էլ կմոտենա մեզ: Դա անելու համար նախ
և առաջ դու պետք է մի կողմ դնես բոլոր այն բաները, որոնք գողանում են քո ժամանակը:
Վայելի՛ր Նրա Խոսքը : Նորից ջանասե՛ր դարձիր: Եթե ուշադրությունդ Աստծո գործերին տաս,
շուտով Աստծո հանդեպ քո ցանկությունը կմեծանա: Քո ցանկությունը կգնա քո ուշադրության
հետքերով: Որքան շատ ժամանակ հատկացնես ինչ-որ բանի, այնքան ավելի շատ ցանկություն
կունենաս ուշադրությունդ դրան տրամադրելու համար:
Ես դա քեզ կարող եմ ցույց տալ իրական սկզբունքի օրինակով: Եթե դու գոլֆ ես խաղում,
կարող ես ամիսներով չմտածել դրա մասին, բայց մեկ օր որոշես գնալ ու մեկ-երկու ռաունդ
գոլֆ խաղալ: Հաջորդ օրը գուցե նորից ցանկանաս խաղալ: Որքան շատ խաղաս, այնքան ցանկությունդ
ավելի կմեծանա:
Նույն բանը կկատարվի հոգևոր ոլորտում: Քո հոգու ցանկությունը կհետևի նրան, ինչի վրա
դու ժամանակ ես անցկացնում: Սկսի՛ր կառուցել անձդ Հոգով աղոթելու միջոցով: Հավատա՛
և արա՛ այնպես, ինչպես Աստված է ասում քեզ: Եվ շատ չանցած՝ այն կայծը, որը նշմարվում
էր քո հոգում, նորից կմեծանա և կդառնա Օրհնության (լափող) ԿՐԱԿ:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հայտնություն 3:13-22
![]()
Սեպտեմբերի 24
Գլորիա Քոփլանդ
Աստծո կամքը ազատությունն է
«Որովհետև Տերն է Հոգին. որտեղ որ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատություն»:
Բ Կորնթացիների 3: 17
Ազատություն: Եթե հնարավոր լինի Աստծո կամքը
մեկ բառով արտահայտել, դա կլինի «ազատություն» բառը: Աստված ցանկանում է, որ մարդիկ
ազատ լինեն: Ազատ մեղքից, հիվանդությունից, աղքատությունից, ճմշումներից և այլ անեծքներից:
Հիսուսը եկավ ազատություն բերելու: Նա ասաց. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է հիմա, որի համար
և օծեց Ինձ. Նա Ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու,
գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսություն, խոցվածներին ազատ արձակելու»
(Ղուկասի 4. 18): Սա այն էր, ինչ Հիսուսը սովորեցնում էր Իր աշակերտներին անել: Եվ
եթե դու վերստին ծնված հավատացյալ ես, Նա ցանկանում է, որ դու էլ նույնը անես:
Որոշ մարդիկ ասում են. «Չէ՛, չգիտեմ: Գուցե այսօր դա Աստծո կամքը չէ»:
Բայց լսի՛ր, Աստվածաշունչն ասում է, որ Աստված երբեք չի փոխվում: Նա Իր կամքը չի փոխել
այս երկրի համար: Նա Իր միտքը չի փոխում մի օր մի բան, հաջորդ օրը մեկ այլ բան ասելով:
Հիսուսի կյանքը 2000 տարի առաջ Աստծո կամքի կատարյալ պատկերն էր, և դա նույնն է մինչև
հիմա: Դրա համար էլ Նա պատվիրեց մեզ, որ մենք էլ գնանք և անենք այն գործերը, որ Ինքն
էր արել: Ահա թե ինչու Նա ուղարկեց Իր Սուրբ Հոգին, որպեսզի Այն զորություն տա մեզ
այդ գործերը անելու համար:
Հիսուսը ցանկանում է այս երկրի վրա շարունակել անել Հոր կամքը, բայց մեր միջոցով: Նա
ստիպված է լինում այնքան աշխատել մեզ հետ, մինչև որ մենք մի կողմ դնենք մեր բոլոր ավանդույթները
և թույլ տանք Նրան անելու Իր գործերը: Վաղ ժամանակների եկեղեցին հենց դա էր կատարում:
Նրանք մեծ ուշադրության արժանացան, քանի որ անում էին այն, ինչ Հիսուսն էր իրենց սովորեցրել:
Եկեք աղոթենք, որ մեր օրերի եկեղեցին Աստծո ազատությունը հասցնի աշխարհին: Եկեք այլևս
հարցականի տակ չդնենք Աստծո կամքը և դրա փոխարեն սկսենք իրականացնել այն: Նա ասաց,
որ այն գործերը, որ Ինքն էր անում, մենք էլ կանենք և անգամ ավելի մեծ գործեր կանենք
(Հովհաննեսի 14.12): Ժամանակն է, որ մենք շարունակենք այնտեղից, որտեղից Հիսուսն ավարտեց
և գերիներին ազատ արձակեց:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Եսայի 61:1-11
![]()
Սեպտեմբերի 25
Գլորիա Քոփլանդ
Ամեն օր ավելի մոտեցիր
«Ես Որթն եմ, դուք՝ ճյուղերը: Նա, որ Ինձանում մնում է, և Ես՝ նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց Ինձ չեք կարող ոչինչ անել»:
Հովհաննեսի 15: 5
Հիսուսի մեջ բնակվելը հավատացիալների մոտ
ինքնաբերաբար չի ստացվում: Դա կենսաձև է, որն իր մեջ ներառում է հետևողականություն
և ջանք:
Երբ խոսքը գնում է մեր ուշադրության մասին, մենք պետք է ընտրենք նվիրվել Նրա հետ միությանը,
Նրան տալ առաջին տեղը: Եթե ցանկանում ենք հոգևոր առումով աճել, եթե ցանկանում ենք քայլել
զորության մեջ և Տիրոջ հետ հաղորդակցության մեջ, մենք պետք է շատ ժամանակ հատկացնենք
Նրան ճանաչելու համար:
Դա մի բան չէ, որը կարելի է որոշ ժամանակ կատարել ու հետո մոռանալ: Մենք պետք է ամեն
օր շարունակենք այդպես վարվել: Քանի որ, երբ դադարում ենք մոտենալ Աստծուն, մենք սկսում
ենք ետ գնալ:
Հասկանո՞ւմ ես, այս աշխարհում դու շրջապատված ես անաստվածությամբ: Դու ապրում ես բնական
մարմնում: Եթե մտածված կերպով չհակառակվես դրան ամենօրյա աղոթքով և Խոսքի մեջ լինելով,
քո մարմինն ու միտքը կտրվեն՝ կհանձնվեն շուրջդ գոյություն ունեցող ճնշումներին և կգնան
աշխարհի ճանապարհով:
Հենց հիմա որոշո՛ւմ կայացրու, որ կտրվես Աստծո գործերին: Քո ուշադրությունը կենտրոնացրո՛ւ
Տիրոջ վրա: Շրջապատի՛ր քեզ Նրա Խոսքով: Լսի՛ր քարոզների և ուսմունքների ձայնագրություններ,
երբ հագնվում ես, աշխատանքի ես գնում, ընթրիք ես պատրաստում, մեքենայիդ վրա ես աշխատում,
մարմնամարզությամբ ես զբաղվում, տունն ես մաքրում կամ երբ գնում ես քնելու: Լսի՛ր Աստծո
Խոսքը ցանկացած ժամանակ, ցանկացած տեղ:
Այսօ՛ր բնակվիր Նրանում:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հովհաննեսի 15: 1-11
![]()
Սեպտեմբերի 26
Գլորիա Քոփլանդ
Թող քո նոր մարդը դրսեվորվի
«Արդ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ և Աստծո ընդունելի պատարագ, որ է ձեր բանավոր պաշտոնը»:
Հռոմեացիների 12: 1
Երբ Հիսուս Քրիստոսին դարձրիր քո կյանքի
Տերը, դու համաձայն Աստվածաշնչի, «նոր արարած» դարձար: Ներքուստ դու այլևս անցյալի
նույն մարդը չես: Հիմա Աստծո էությունն է ծնվել քո մեջ: Բայց այդ նոր էությունը ներսում
կրելը դեռ բավական չէ: Դու պետք է թույլ տաս, որ այն արտահայտվի նաև արտաքուստ:
Մի՛ սպասիր, որ դա ինքնաբերաբար կկատարվի: Դու պետք է որոշում կայացնես, որ քո մարմինը
հնազանդեցնես քո ներսում բնակվող նոր մարդուն: Դու պետք է վճռական տրամադրվածությամբ
անես այն, ինչ Հռոմեացիների 6. 12-ն է ասում. «Թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու
մարմնի մեջ»:
Գիտեմ, դա շատ խիստ է հնչում, բայց դու միայնակ չես: Դու Օգնական ունես քո ներսում,
որը կօգնի քեզ իրականացնել այդ որոշումը: Նրա անունն է Սուրբ Հոգի: Նա այդտեղ է, որպեսզի
զորացնի քեզ: Նա քեզ զորություն է տալիս հեռացնելու մեղքը քո կյանքից և դնելու այն
քո ոտքերի տակ:
Այսօր վճռականորեն նվիրի՛ր քո մարմինը և թո՛ւյլ տուր, որ այն նոր մարդը, որը քո ներսում
է, սկսի դրսևորվել:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների 6: 12-23
![]()
Սեպտեմբերի 27
Քենեթ Քոփլանդ
Հոգևոր զենքեր հոգևոր պատերազմի համար
«Որովհետև մեր պատերազմը արյան և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են»:
Եփեսացիների 6: 12
Ցավոք, մեզանից շատերը չգիտեն, թէ ինչպես
կարելի է պատերազմել Աստծո Խոսքի համաձայն: Որովհետև, ինչպես Եփեսացիների 6.10-12-ն
է ասում, սա մարմնի ու արյան պատերազմ չէ, այլ հոգևոր:
Շատ հավատացյալներ այնքան երկրային (կամ աշխարհիկ) մտածելակերպ ունեն, որ նրանք նույնիսկ
չեն հասկանում, թե որն է թշնամու հարձակումների իրական աղբյուրը: Նրանք մեղադրում են
իրավիճակներին և մարդկանց: Նրանք իրենց էներգիան վատնում են պայքարելով բնական իրավիճակների
դեմ գերբնական դրդապատճառների դեմ պայքարելու փոխարեն:
Մենք պետք է հասկանանք, որ երկնքում պատերազմ է գնում:
Սրա մասին մենք մի փոքր կարող ենք ծանոթանալ Դանիել 10: 12-20-ում: Այստեղ տեսնում
ենք, որ Դանիելը 21 օր ծոմ պահեց և աղոթեց՝ Տիրոջից խոսք սպասելով: 21 օր հետո մի հրեշտակ
հայտնվեց նրան և բերեց պատասխանը: Ինչո՞ւ էր նա այսքան ուշացել: Նա երկնքում պատերազմում
էր թշնամու դեմ:
Սա որոշ մարդկանց շփոթեցնում է: Նրանք ասում են. «սատանաները կռվում են երկնքո՞ւմ:
Ինձ թվում էր՝ Աստված է երկնքում թագավորում»: Նրանք մի բան չեն հասկանում. Աստվածաշունչը
սովորեցնում է, որ գոյություն ունեն երեք տարբեր բնագավառներ, որոնք երկինք են կոչվում:
1. Երկինք, որտեղ Աստված է բնակվում:
2. Աստեղային երկինք (որը մենք անվանում ենք նաև տիեզերք):
3. Այս երկիրը շրջապատող երկինքը (երկրագնդին շրջապատող մթնոլորտը):
Այս վերջին երկնքում է, որ տեղի են ունենում հոգևոր պատերազմները (Այդ իսկ պատճառով
էլ Եփեսացիների 2.2-ը սատանային անվանում է օդի իշխան): Չար հոգիները իրենց գործունեությունը
ծավալում են օդում: Այնտեղից նրանք փորձում են իշխել իրենց տրված ազգերի վրա:
Եվ նրանք կշարունակեն իշխել այնքան, մինչև որ Աստծո ժողովրդի աղոթքները այլևս թույլ
չտան նրանց դա անել:
Աստված այս երկրում հզոր բանակ ունի: Եթե մենք միախմբվենք, կարող ենք կանխել և թույլ
չտալ, որ բարձունքների չար ուժերը իշխեն մեր ազգի վրա: Ժամանակն է եկել աղոթելու: Ուստի
հագի՛ր Աստծո սպառազինությունը և զբաղեցրո՛ւ քո տեղը հավատարիմ հավատացյալների շարքում՝
բարեխոսելով քո երկրի և աշխարհի մյուս ազգերի համար:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Դանիելի 10: 1-14
![]()
Սեպտեմբերի 28
Գլորիա Քոփլանդ
Ոչ մի բեռ
«Որովհետև սա է Աստծո սերը, որ Նրա պատվիրանները պահենք, և Նրա պատվիրանները ծանր չեն»:
Ա Հովհաննեսի 5: 3
Գիտե՞ս, թե ինչու Աստծո Խոսքը կամ այն պատվիրանները,
որոնք Աստված տալիս է քո հոգուն, ճնշող ու ծանր չեն: Որովհետև ամեն բան, որ Նա քեզ
ասում է, քո բարօրության և քո հաղթանակի համար է ասում:
Աստված գիտի, թե ինչ է նշանակում այս չար աշխարհում ապրել հաղթության մեջ: Նա միակն
է, որ գիտի դրա մասին: Այս աշխարհի մարդիկ չեն կարող ասել, թե ինչպես կարելի է հաղթական
կյանքով ապրել: Նրանք չգիտեն, թե ինչպես: Բայց Աստված գիտի: Նա կարող է ամեն բան այնպես
անել, որ եթե նույնիսկ խավարի մեջ հետևենք Իր տված պատվիրաններին, հրամաններին և խորհուրդներին,
ապա կարող ենք հաղթության մեջ ապրել:
Թույլ տուր մի օրինակ բերել: Աստված մեզ մի պատվիրան է տվել, որ սիրենք և ներենք մեկս
մյուսին, ինչպես որ Ինքն է ներել:
Այս պատվիրանը ծանր չէ, որովհետև այն մեր ազատության բանալին է: Եթե դու կարող ես ապրել
քո սրտում սփռված սիրով, դու ամեն օր ուրախություն կունենաս: Աստված գիտի դա: Ուստի
Նա սիրո և ներողամտության պատվիրան է տվել, որպեսզի սերը գործի: Առանց սիրո չի լինի
ոչ մի ուրախություն, իսկ Աստծո ուրախությունը մեր զորությունն է:
Մի՛ մերժիր Աստծո խրատները: Մի՛ կարծիր, թէ Նրա ուղիները բեռ են քո կյանքի համար: Ցնծա՛
դրանցով: Ուրախությամբ բռնի՛ր դրանք և թո՛ւյլ տուր, որ դրանք առաջնորդեն քեզ դեպի հաղթություն:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Հովհաննեսի 5: 1-5
![]()
Սեպտեմբերի 29
Քենեթ Քոփլանդ
Համարձակվի՛ր որոշում կայացնել
«Քո խոսքի պես լինի»:
Ելից 8: 10
Ես նախկինում չէի համարձակվում Աստծո համար
որոշումներ կայացնել: Վախենում էի հավատքի քայլ անել և հայտարարել, որ պատրաստվում
եմ ինչ-որ նոր բան անել, որը Տերը ցույց է տվել ինձ: Ես մտածում էի. «Իսկ եթե հանկարծ
չստացվի»: Ես այնքան էի վախենում անհաջողությունից, որ շաբաթներով կարող էի նույն տեղում
պտտվել: Հետո մի օր հասկացա, որ միևնույնն է, իմ զորությամբ չեմ անելու դա: Բայց որպեսզի
Աստված ներգրավեր ինձ այդ գործի մեջ, ես պետք է որոշում կայացնեի: Մեկ անգամ ես որոշեցի,
թե ինչ եմ պատրաստվում անել, և այն գրի առա: Եվ Աստված իմ կողքին էր:
Ես մի ճշմարտություն սովորեցի Աստծո Խոսքից, որ եթե ուշադրություն դարձնես դրան, այն
կհեղափոխի քո կյանքը: Այդ ճշմարտությունը ահռելի պատասխանատվություն է բերում իր հետ,
բայց շատ հիանալի կլինի, եթե հասկանաս դա:
Ահա այն: Աստված որոշելու իրավունքը, արտոնությունը և իշխանությունը մարդուն է տվել:
Օրինակ՝ դու իրավունք ունես որոշելու, թե որտեղ ես պատրաստվում անցկացնել հավիտենականությունը:
Դու իրավունք ունես կայացնել այդ որոշումը, և Աստված կսատարի այն:
Աստված ամեն բան կարող է անել քեզ համար, բացի որոշելուց: Նա քեզ զորություն է տվել:
Տվել է Իր Անունը: Նա տվել է Հիսուսի արյունը: Նա տվել է Իր արքայությունը: Նա նույնիսկ
մեզ դարձրել է այդ արքայության մասնակիցները (Կողոսացիների 1. 12):
Բայց Աստված չի պատրաստվում այդ ամբողջ ժառանգությունը ստիպողաբար մեզ տալ: Այն ստանալու
համար ամեն մեկս էլ պետք է որոշում կայացնենք:
Հիմա ամենագեղեցիկ մասը սա է: Երբ դու ընդունես վերստին ծնվելու վորոշումը, Աստված
Իր ամբողջ զորությամբ կսատարի քեզ: Երբ դու վերստին ծնվելու որոշում կայացնես, դժոխքից
եկած ոչ մի դև չի կարող կանգնեցնել քեզ: Քեզ միայն պետք է որոշել:
Որոշիր հիմա՛: Հռչակի՛ր քո որոշումը: Եվ ինչպես որ ասացիր, թող այդպես էլ լինի:
Աստված քեզ մի նոր ուղղությա՞մբ է տանում: Ի՞նչ է, Նա առաջնորդում է քեզ, որ հավատքի
մի նոր քա՞յլ անես բժշկության կամ բարգավաճման համար, թ՞ե մի նոր քայլ ծառայության
մեջ: Թույլ մի՛ տուր, որ վախը ետ պահի քեզ:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների 4: 13-21
![]()
Սեպտեմբերի 30
Քենեթ Քոփլանդ
Սրտացավությունը գործում է
«Եվ Նա, ժողովրդին տեսնելով, գթաց նրանց, որ հոգնած և ցիրուցան եղած էին, ինչպես ոչխարները, որ հովիվ չունեն»:
Մատթեոսի 9: 36
Սրտացավություն: Այս աշխարհում մարդիկ ամենից
շատ սրա կարիքն ունեն: Նրանք կարիք ունեն, որ ինչ-որ մեկը իրենց հասցնի Աստծո սրտացավությունը:
Սրտացավությունը մեծ ցանկություն է մարդկանց կարիքներին պատասխանելու համար: Այն ավելի
խորն է, քան կարեկցանքը: Կարեկցանքը կարող է պարզապես խղճալ մարդկանց: Սրտացավությունը
գործում է:
Աստված շարժվում է սրտացավությամբ, և այս երկրի վրա Հիսուսի կյանքը այդ սրտացավության
մարմնավորման վառ օրինակ էր: Իր ամբողջ ծառայության շարժառիթը սրտացավությունն էր:
Սրտացավությունից ելնելով՝ Նա բազմացրեց հացն ու ձուկը, բժշկեց հիվանդներին, դևերին
դուրս քշեց և մեռելներին հարություն տվեց: Սրտացավությունը ստիպեց Նրան գնալ դեպի խաչը:
Եվ Նա ցանկանում Է, որ քո միջից բխի նույն սրտացավությունը:
Սա մտածելու տեղիք է տալիս, չէ՞:
Ցնցվում ես, երբ հասկանում ես, որ հիմա մենք՝ հավատացյալներս, այս երկրի վրա Հիսուսի
միակ մարմինն ենք: Նրա բժշկությունը պետք է հոսի մեր ձեռքերի և մեր հավատքի միջով:
Նրա սրտացավությունը պետք է դրդի մեզ, որ կերակրենք սովածներին: Այն պետք է դրդի մեզ,
որ դուրս քշենք դևերին և ազատ արձակենք գերիներին:
«Բայց, եղբա՛յր Քոփլանդ, ես այդպիսի սրտացավություն չունեմ»:
Ո՛չ, ունես: Եթե Աստծո Հոգին քո մեջ է բնակվում, ուրեմն դու ունես այդ սրտացավությունը,
որովհետև Նա այդպիսի Սեր Է: Դու պարզապես պետք է գործի դնես այն:
Ինչպե՞ս: Ինչպե՞ս Էր Հիսուսը անում դա, երբ քայլում էր երկրի վրա: Աղոթքի և Աստծո հետ
հաղորդակցության միջոցով: Նարի՛ր Ավետարաններին, և դու կտեսնես, թե որքան ժամանակ էր
Հիսուսը անցկացնում Հոր հետ: Այդ ժամանակահատվածը Նրա մեջ բորբոքում էր Աստծո սրտացավությունը:
Այն ստիպում էր, որ Նա զգա այն, ինչ Աստված Էր զգում տառապող մարդկության համար: Այն
այնքան էր բորբոքում Նրան, որ երբ Նա կարիք Էր տեսնում, լրացնում Էր այն Աստծո զորությամբ:
Հետևի՛ր Նրա օրինակին: Ժամանակ անցկացրու Հոր հետ հաղորդակցվելու համար: Խորհի՛ր Նրա
սրտացավության մասին, մինչև այն շատանա քո մեջ: Բորբոքի՛ր այն, մինչև ուրիշներին ազատ
արձակելու ցանկությունը քո մտածելակերպում դառնա ամենակարևոր բանը:
Հիսուսը քեզ ուղարկել է, որ ձեռք մեկնես և Իր սրտացավությամբ դիպչես այս աշխարհին,
որը Սիրո կարիք ունի:
Եթե դու չանես, ո՞վ պետք է անի:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մարկոսի 6: 32-46
![]()
Հոկտեմբերի 1
Գլորիա Քոփլանդ
Օրհնի՛ր Տիրոջը
«Ուստի Նրա ձեռով ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարագ մատուցենք, այսինքն` Նրա անունը գովաբանող շրթունքների պտուղ»:
Եբրայեցիների 13.15
Հզոր բաներ են տեղի ունենում, երբ շարունակ դավանում ես
Աստծո ողորմությունը: Քո ներսում սկսում է հավատք բարձրանալ: Այն իրողությունը, որ
Աստված սիրում է քեզ, սկսում է երգի նման դուրս բխել քո հոգուց:
Եվ, ավելին, հավատալով Աստծո Խոսքին և մեծացնելով Նրա սերն ու ողորմությունը քո մեջ`
դու պատվում ես քո երկնային Հորը: Դու պատվում ես Նրան, երբ խոսում ես Նրա բարության
և հոգատարության մասին, երբ խոսում ես Նրա մասին որպես սիրող Հայր, Ով միայն բարին
է անում: Դու օրհնում ես Աստծուն, երբ փառաբանում ես Նրան` որպես տիեզերքի Հզոր Աստծո,
Ով փափագում է օրհնել, Ով նույնիսկ տվեց իր Որդուն, քանի որ այնքան շատ սիրեց այս աշխարհը:
Դավիթը Աստծո սրտի համեմատ մարդ էր: Նա գիտեր, թե ինչպես է պետք փառավորել իր Աստծուն:
Որպեսզի քո հոգուց կարողանաս սաղմոսներ ու փառաբանություններ ասել Տիրոջը, անհրաժեշտ
է, որ Աստծո Խոսքը առատությամբ բնակվի քո մեջ: Բայց մինչ այդ Աստծուն մեծարելու համար
օգտագործի՛ր Դավթի սաղմոսները: Բարձրաձայն ասա՛ կամ երգիր` ուղղելով դրանք քո Հորը:
Նրա խոսքերը թող շարունակ լինեն քո շուրթերին: Եվ շուտով դու կզգաս այն թրթիռը և ուրախությունը,
երբ հասկանաս, որ Աստված իրոք «առատ է ողորմությամբ» շնորհիվ այն մեծ սիրո, որով
Նա սիրում է մեզ: Քո հավատքը նոր բարձունքների կհասնի, և քո Հայրը օրհնված կլինի: Եվ
դու նույնպես օրհնված կլինես:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ
ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 89. 1-18
![]()
Հոկտեմբերի 2
Քենեթ Քոփլանդ
Վազի՛ր Աստծո մոտ
«Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է և արդար, որ մեր մեղքերը թողնի մեզ և սրբի մեզ ամեն անիրավությունից»:
Ա Հովհաննեսի 1. 9
Ի~նչ հիասքանչ է, երբ գիտես, որ ազատ ես մեղքի և մահվան
օրենքից: Ի~նչ փառահեղ է, երբ գիտես, որ այլևս ստիպված չես մեղքի գերության տակ լինել:
Բայց ի՞նչ ես անում, երբ հակառակ այս հիասքանչ և փառահեղ ճշմարտությունների, դու կրկին
անհաջողություն ես կրում այս բնագավառում: Ի՞նչ ես անում, երբ սայթաքում և ընկնում
ես մեղքի մեջ:
Վազի՛ր Հորդ մոտ և ապաշխարի՛ր: Դա շատ հեշտ է թվում: Բայց խիստ տարօրինակ է, որ մենք
հենց հակառակն ենք անում: Աստծո մոտ վազելու փոխարեն մենք թույլ ենք տալիս, որ վախը
և մեղավորության զգացումը մեզ ավելի ու ավելի հեռացնեն Նրանից: Եվ սկսում ենք այսպիսի
բաներ մտածել. «Դե, հիմա ձախողվեցի, ուրեմն պետք է ամեն բան մոռանամ ու ապրեմ սատանայի
նման»:
Այդպիսի սխալ մի՛ գործիր: Թույլ մի՛ տուր, որ սատանան փսփսա քո ականջին և դրդի
քեզ մեղք գործել կյանքի որևէ բնագավառում զուտ այն պատճառով, որ դու մեկ այլ
բնագավառում պարտություն ես ունեցել: Երբ շեղվում ես Աստծո ճանապարհից, պարզապես խոստովանի՛ր
դա և նորից վերադարձի՛ր ճիշտ ճանապարհին:
«Բայց, եղբա՛յր Քոփլանդ, ես այնքան մեղավոր եմ զգում, երբ Աստծուն պատմում եմ իմ արածի
մասին, որ դժվարանում եմ խոստովանել»:
Գիտեմ, գիտեմ: Ես նույնպես նման բան զգացել եմ: Մի օր Աստված ասաց ինձ. «Քենե՛թ, երբ
խոստովանեցիր քո մեղքը, այդ ժամանակ չէր, որ իմացա դրա մասին: Ես այս ողջ ընթացքում
տեղյակ եմ եղել այդ մասին: Երբ խոստովանեցիր, այդ ժամանակ դու ազատվեցիր դրանից և դրա
ազդեցություններից»:
Երբ սխալ ես գործում, երբ ինչ-որ բանում թերանում ես, հիշի՛ր, դու դատապաշտպան ունես
Հոր մոտ: Դա Հիսուս Քրիստոս Արդարն է (Ա Հովհաննեսի 2. 1): Վազի՛ր Նրա մոտ: Նա գիտի,
թե ինչի միջով ես դու անցնում: Կարիք չկա վախենալու: Նա քո գործած մեղքերի պատճառով
քեզ ծվեն-ծվեն չարեց, երբ դեռ Նրան քո կյանքի Տերը չէիր դարձրել, չէ՞: Այդ դեպքում
քո կարծիքով որքան առավել բարեգութ և սիրող կլինի Նա հիմա, երբ դու Իրեն ես պատկանում,
հիմա երբ փափագում ու սիրում ես Նրան:
Մի՛ փախիր Աստծուց: Վազի՛ր Նրա մոտ: Ընդունի՛ր Նրա ներումը: Ընդունի՛ր Նրա սրբագործումը:
Անկախ այն բանից, թե ինչպիսի մեղք ես գործել, Նա պատրաստ է ներել ու մաքրել քեզ քո
բոլոր անօրենություններից:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ
ԸՆԹԵՐՑՈՒՄ
Բ. Թագավորաց 11. 1-5, 12. 1-13
![]()
Հոկտեմբերի 3
Քենեթ Քոփլանդ
Խուսափի՛ր մեծ անհաջողություններից
«Արդ սա եմ ասում և վկայում Տերով, որ դուք այլևս չգնաք ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում իրենց մտքի ունայնությունով, որ խավարված են մտքով և օտար Աստծո կյանքից, այն տգիտության պատճառով, որ նրանցում է իրենց սրտերի կուրության համար: Որ անզգայացած իրենց անձերը մատնեցին անառակության, ամեն պղծության գործերի մեջ ագահությունով»:
Եփեսացիների 4. 17-19
Սատանան շատ խորամանկ ռազմավարություն է օգտագործում մեր կյանքերի
վրա իշխելու համար: Աստվածաշունչը դա «անառակություն» է անվանում, և դա նշանակում է
«ոչ մի զսպվածություն չունենալ»:
Անառակությունը համարվել է ծայրահեղ անբարոյականություն, բայց այն այդպես չի սկսվում:
Այն սկսվում է մի քանի անմեղ թվացող մտքերից: Հետո այդ մտքերն աճում և զարգանում են,
մինչև որ շատ լուրջ մեղքի են հանգեցնում:
Օրինակ, երբ յոթ տարեկան էի, մի օր ինձ մոտ ցանկություն առաջացավ հայհոյելու: Ես շատ
լավ հասկանում էի, որ դա լավ բան չէ, բայց միևնույնն է, արեցի: Ես մի բարեկամ ունեի,
որ Արևմտյան Թեքսասի հայհոյանքների մեծ գիտակ էր, և ինձ թվում էր, թե նա է դրանք հորինում:
Ես այդպիսի սխալ կարծիք ունեի և ուզում էի փորձել:
Երբ կապերս արձակեցի և սկսեցի այդ հայհոյանքի խոսքերն ասել, ինչ-որ չար բան տեղափոխվեց
իմ մտածելակերպի մեջ, որը շատ վատ ազդեցություն ունեցավ ինձ վրա մոտ 20 տարի: Գործի
դրվեց մի օրենք, որի արդյունքում իմ մարմինը աստիճանաբար սկսեց իշխել իմ ամբողջ էության
վրա:
Թույլ մի՛ տուր, որ սատանան անառակության հնարքներ օգտագործի քո դեմ: Որոշո՛ւմ կայացրու
քո մտքում և սրտում, որ կհնազանդվես Աստծուն նույնիսկ փոքր բաներում: Խուսափի՛ր մեծ
անհաջողություններից՝ աստիճանաբար քայլելով Աստծո Սուրբ Հոգու հետ: Եվ արդյունքում
խոշոր հաղթանակները քոնը կլինեն:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ
ԸՆԹԵՐՑՈՒՄ
Եփեսացիների 4. 22-31
![]()
Հոկտեմբերի 4
Քենեթ Քոփլանդ
Վկայությունը որոշիչ դեր է խաղում
«Երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատվի»:
Մատթեոսի 18. 16
Դու շատ անգամներ ես կանգնել որոշումների հարթավայրում: Շատ անգամներ
ես հաղթանակի և պարտության միջև հայտնվել անորոշ վիճակում: Մի կողմում աշխարհի խոսքն
է, որի հեղինակը սատանան է, և որն ասում է. «Դու չես բժշկվի»: Իսկ մյուս կողմում Աստծո
Խոսքն է. «Իմ Խոսքը Այո և Ամեն է » և «Նրա վերքերով դու բժշկված ես»: Թե ինչպես այս
ամենը կվերջանա, կախված է միայն քեզանից: Դու ես հաստատող վկան:
Հիշում եմ, մի անգամ մի երիտասարդ մոտեցավ ինձ: Նա ցանկանում էր, որ աղոթեմ իր համար:
Ես ասացի. «Հիմա Խոսքն ասում է, որ դու բժշկված ես»: Նա ընդհատեց ինձ և
ասաց. «Այո, ես գիտեմ, որ Խոսքն այդպես է ասում, բայց ես սարսափելի ցավեր ունեմ...»:
Ես նայեցի նրա աչքերին և ասացի. «Խոսքն ասում է. «Նրա վերքերով դու բժշկված ես»:
«Ես գիտեմ դա, - պատասխանեց նա, բայց այստեղ սարսափելի…»:
Ես գլուխս տարուբերեցի և ասացի. «Լսի՛ր, Խոսքն ասում է, որ դու բժշկված ես»:
Նա բազուկի նման կարմրեց. «ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԱՅԴՊԵՍ Է ԱՍՈՒՄ, ԲԱՅՑ ԱՅՍՏԵՂ …»:
Ի վերջո նա կանգ առավ և աչքերը հառեց վրաս: Նա առանց հասկանալու թույլ էր տվել, որ
իր ֆիզիկական նախանշանները դառնան իր վկայությունը: Նա դրանց էր հավատում: Բոլորովին
նշանակություն չուներ, թե Խոսքն ինչ է ասում, նա հավատում էր այն բանին, ինչ տեսնում
և զգում էր:
Բայց երբ նա լռեց, ես ասացի. «Լսի՛ր , դու ցանկանում ես, որ ես համաձայնվեմ քեզ հետ,
և բարկանում ես, երբ չեմ ուզում համաձայնվել: Բայց եթե ես այդպես անեմ, դու կմահանաս:
Իսկ եթե դու համաձայնվես իմ և Աստվածաշնչի հետ, դու կարեղ ես բժշկվել»:
Հանկարծ նա հասկացավ դա: Նրա աչքերը բոցավառվեցին: «Օ~հ, փառք Աստծուն: Հասկանում եմ,
թե ինչ նկատի ունես: Ես համաձայն եմ Աստծո Խոսքի հետ»:
Ես ձեռքերս դրեցի նրա գլխին, և Աստված անմիջապես բժշկեց նրան:
Հիմա տեսնո՞ւմ ես. երբ նա որոշեր համաձայնության գալ Աստծո հետ, նա կարող էր իր բժշկությունը
ստանալ իր ննջասենյակում կամ մեքենա վարելիս կամ մեկ այլ վայրում: Երբ նա որոշեր դառնալ
հաստատող վկա, նա կարող էր բժշկվել ցանկացած ժամանակ:
Աղոթի՛ր և հաստատի՛ր քո վկայությունը: Դա քո գործն է : Եթե դու այդպես վարվես, Աստված
կսատարի քեզ, և երբ սատարի, ամեն բան պետք է հարթվի կամ էլ ճանապարհից հեռացվի :
Քո վկայությունը որոշիչ դեր է խաղում: Ի՞նչ կասես:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մատթեոսի 18. 15-20
![]()
Հոկտեմբերի 5
Քենեթ Քոփլանդ
Փոփոխման ենթակա
«Որ այս երևացող բաներին չենք նայում, այլ աներևույթներին, որովհետև երևացողները ժամանակավոր են, իսկ չերևացողները` հավիտենական»:
Բ Կորնթացիների 4. 18
Քո ուշադրությունը մի՛ կենտրոնացրու այն ամենի վրա, ինչ կարող ես տեսնել ֆիզիկական զգայարաններով: Ամեն բան, որ տեսնում ես, ժամանակավոր է և փոփոխման ենթակա: Ուստի քո հավատքը դի՛ր անտեսանելի հավիտենական բաների վրա: Հավիտենական բաները ենթակա չեն փոփոխման:
Աստծո Խոսքը հավիտենական է և պարունակում է 7000 խոստում քո կյանքի ցանկացած իրավիճակին լուծում տալու համար: Եվ,
անկախ այն բանից, թե ինչ է կատարվում այս փոփոխական և տատանվող աշխարհում, այդ խոստումները ընդմիշտ նույնն են մնում:
Նշանակություն չունի, թե որքան վատ է զգում քո մարմինը: Խոսքը միշտ կասի. «Նրա վերքերով դու բժշկված ես» (Ա Պետրոսի 2. 24): Անկախ այն բանից, թե ինչ
ողորմելի վիճակում է հայտնվել քո դրամապանակը, Խոսքը միշտ կասի . «Իմ Աստված կլրացնի
ձեր ամեն կարոտությունը Իր հարստության չափով` փառքով Քրիստոս Հիսուսում» (Փիլիպեցի
4. 19):
Մի՛ հարմարվիր այն չորուցամաք գոյատևման հետ, որ աշխարհն է առաջարկում քեզ: Ամուր բռնվի՛ր
այն ամենից, ինչ Խոսքն է ասում: Քո ուշադրությունը կենտրոնացրո՛ւ Աստծո հավիտենական
Ճշմարտության վրա և մի՛ նայիր տեսանելի բաներին: Ի վերջո, դրանք բոլորը ենթակա են փոփոխման:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Բ Կորնթացիների 4. 8-18
![]()
Հոկտեմբերի 6
Քենեթ Քոփլանդ
Հեղափոխող սեր
«(Սերը) ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է: Սերը երբեք չի վերջանում»:
Ա Կորնթացիների 13. 7, 8
Սերը երբեք չի վերջանում: Առանց
սիրո ոչինչ չի գործում, իսկ սիրո հետ ոչ մի անհաջողություն չի լինում: Երբ դու ապրում
ես սիրով, դու չես կարող ձախողվել:
Հավատք է անհրաժեշտ հավատալու համար, որ սիրո ճանապարհը երբեք անհաջողության չի տանում:
Մարդու բանականությունը չի կարող հասկանալ սա, քանի որ մարդը և նրա աշխարհը ղեկավարվում
են եսասիրությամբ:
Բայց երբ դու հավատքով գործի ես դնում սերը և հրաժարվում ես փնտրել քո շահերը, դու
դրդում ես, որ Հայրը գործի քո փոխարեն: Քանի դեռ մնում ես սիրո մեջ, Հայր Աստվածը պաշտպանում
է քո սեփական շահերը: Նա ամեն բան անում է, որ դու հաջողություն ունենաս: Սիրո մեջ
քայլելը քո ամենամեծ առավելությունն է:
Աստվածային սերը մի նոր զորություն է: Այն քեզ հնարավորություն է տալիս կառավարել ցանկացած
իրավիճակ: Քո դեմ պատրաստված ոչ մի զենք չի հաջողվի: Ոչ ոք զորություն չի ունենա վիրավորելու
քո զգացմունքները, որովհետև դու չես ղեկավարվում զգացմունքներով, այլ Աստծո սիրով:
Դու սիրում ես այնպես, ինչպես Նա է սիրում:
Այսպիսի սերը հեղափոխող է: Եթե լիովին հասկանայինք, թե ինչպիսի փոխհատուցում կա Աստծո
սիրով ապրելու մեջ, այդ դեպքում, հավանաբար, կմրցեինք իրար հետ` փորձելով մեկս մյուսին
ավելի շատ սիրել: Եվ անկասկած, ամեն մեկս այդ մրցույթից հաղթող դուրս կգայինք: Որովհետև
սերը մեր հաջողության միակ գաղտնիքն է:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների 12. 9-21
![]()
Հոկտեմբերի 7
Քենեթ Քոփլանդ
Հիմարությունը ետևում թող
«Մեղավոների ետևից կգնա չարիքը, բայց արդարներին բարիք կհատուցվի»:
Առակաց 13. 21
Սատանան այնքան է մեզ աղքատության մտածելակերպի մեջ պահել, որ դժվարանում ենք ընկալել, թե Աստված որքան շատ է փափագում, որ մենք հարստանանք, թեև Նա շատ անգամներ է դրսևորել այդ ցանկությունը:
Օրինակ` Աբրահամը: Աստված նրան չափազանց հարուստ մարդ դարձրեց: Ծննդոց 13.
2–ն ասում է, որ նա հարուստ էր իր անասուններով, արծաթով և ոսկով:
Հետո, անշուշտ, գալիս է Սողոմոնը: Աստվածաշունչն ասում է, որ նա գերազանցեց աշխարհում տիրող բոլոր թագավորներին իր հարստությամբ և իմաստությամբ:
Աստծո ծառա Հոբը այնքան հարստություն ուներ, որ նա Արևելքում ամենահզոր մարդն էր համարվում: Սակայն դա սատանայի բռնարարքներից առաջ էր: Իսկ դրանից հետո Աստված Հոբին օրհնեց սատանայի գողացածի կրկնապատիկ չափով:
Խնդիրն այն է, որ շատ հավատացյալներ սարսափում են այն մտքից, որ Աստված կարող է նման հարստություն տալ իրենց: Նրանք վախենում են, որ հարստությունը նրանց կկործանի:
Աստված ասել է, որ «հիմարների անհոգությունը (անգլերեն թարգմանությունում`
«հարստությունը») պիտի կորցնի նրանց» (Առակ. 1. 32):
Բայց դա չի նշանակում, որ դու պետք է խուսափես հարստանալուց: Դա նշանակում է, որ դու
պետք է խուսափես հիմար լինելուց:
Այս շաբաթ ես քեզ քաջալերում եմ, որ կարդաս Առակաց գիրքը և տեսնես, թե Աստված ինչ է
ասում հիմարին բնորոշ գծերի մասին: Թույլ տուր, որ Սուրբ Հոգին քննի քո հոգին: Եթե
դու տեսնում ես, որ կան տեղեր, որտեղ դու հիմարի նման ես վարվել, ապաշխարի՛ր և ամուր
որոշում կայացրու, որ այդ ծուղակի մեջ այլևս չես ընկնելու:
Թո՛ւյլ տուր, որ Աստծո Խոսքը քաջալերի և լեցունություն տա քեզ, որպեսզի հմարությունը
ետևում թողնես: Թո՛ւյլ տուր, որ Աստծո Խոսքը քո ներսում հավատք բորբոքի, որպեսզի ձեռքդ
մեկնես և ստանաս այն, ինչի համար դու աստվածային իրավունք ունես` որպես փրկված զավակ:
Եվ դա ոչ թե աղքատության անեծքն է, այլ բարգավաճման օրհնությունը:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ծննդոց 15. 1-6
![]()
Հոկտեմբերի 8
Քենեթ Քոփլանդ
Հավատքի սերմ
«Որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, որ եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, այս սարին կասեք` փոխադրվի՛ր այստեղից այնտեղ, և նա կփոխադրվի, և ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար»:
Մատթեոսի 17. 19
Մեկ անգամ մի մարդ ինձ ասաց, որ ես հատուկ հավատք ունեմ, և դրա շնորհիվ է, որ նման կյանքով եմ ապրում: Բայց, գիտե՞ս, դա սխալ է: Ես յուրահատուկ հավատք չունեմ: Աստված ինձ տվել է նույն չափի հավատք, որքան որ քեզ ու մնացած բոլոր հավատացյալներին: Միակ պատճառը, որ իմ հավատքը այնպիսին է, որ կարծես ավելի լավ է գործում, այն է, որ ես կիրառում եմ այն:
Եթե դու ապրում ես լեռան ստվերի ներքո և սպասում ես, որ Աստված յուրահատուկ մի հավատք կտա, ուրեմն այսօր է օրը փոխվելու: Քա՛յլ արա և գործի՛ դիր քեզ տրված հավատքի չափը հոգևոր, ֆիզիկական, մտավոր կամ ֆինանսական խոչընդոտները շարժելու համար, որոնք սատանան դրել է քո ճանապարհին:
Հռոմեացիների 12. 3-ն ասում է, որ Աստված ամեն մեկին հավատքի չափ բաժանեց: Հավատա՛ Նրան: Հավատքի համար հավատքի քա՛յլ արա: Ասա՛. «Երկնային Հայր, ես շնորհակալություն եմ հայտնում Քեզ, որ Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով Դու տվեցիր ինձ Քո Էությունն ու Հոգին: Ես երախտապարտ եմ այն հավատքի համար, որ տվել ես ինձ որպես հավատացյալի:
Ես այսօր որոշում եմ կայացնում քայլել այդ հավատքով, գործի դնել այն իմ իրավիճակները փոխելու համար: Ես գործելու եմ լեռներ շարժող հավատքով, որովհետև գիտեմ, որ առանց հավատքի անհնար է հաճեցնել Քեզ (Եբր.
11. 6):
Տնկելով այս հավատքը և ջրելով այն Քո Խոսքով (Հռոմ. 10. 17) ես սպասում եմ, որ այն կաճի և կհաղթահարի իմ կյանքի բոլոր լեռները, ինչպես նաև նրանց կյանքերում, ում համար ես բարեխոսում
եմ:
Շնորհակալությո՛ւն, Հայր, որ սա անելով` ինձ համար անհնարին բան չի լինի: Հիսուսի անունով: Ամեն»:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ղուկասի 8. 41-56
Հոկտեմբերի 9
Քենեթ Քոփլանդ
Քո առաջնային և ամենամեծ կոչումը
«Հավատարիմ է Աստված, Որի միջոցով կանչվեցիք դեպի Նրա Որդու` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը»:
Ա Կորնթացիների 1. 9
Գիտե՞ս, թե Աստված ամենից շատ ինչ է ցանկանում, որ անես: Նա ցանկանում է, որ դու շփվես Իր հետ:
Նա ցանկանում է, որ դու քայլես և զրուցես Իր հետ: Որ կյանքիդ խնդիրները քննարկես Իր հետ: Նա ցանկանում է, որ մոտենաս Իրեն և Նրա Էության մասը կազմես:
Մեզանից շատերն այնքան են տարվում Աստծուն գործերով հաճեցնելով, որ մոռանում են, որ մեր առաջին և ամենամեծ կոչումը Նրա հետ հաղորդակցվելն է:
Այո՛, դա այդպես է: Աստված ցանկանում է, որ մենք Իր հետ լինենք:
Երբևէ պատկերացրե՞լ ես, թե ինչ կնշանակեր գնալ Աստծո մոտ և ասել. «Հայր, այսօր չեմ եկել ինչ-որ բան ստանալու համար: Ես իմ կարիքների համար արդեն աղոթել եմ, և Քո Խոսքն ասում է, որ դրանք արդեն լրացված են Քո հարստության չափով՝ փառքով Հիսուս Քրիստոսում: Ուստի ես պարզապես եկել եմ Քեզ հետ լինելու համար: Եթե ինչ-որ բան ունես ինձ ասելու, ես պատրաստ եմ լսել… և ուզում եմ, որ իմանաս, թե ինչ որ տեսնեմ Քո Խոսքում, կանեմ: Ես այն գործի կդնեմ իմ կյանքում»:
Արժի, որ Աստծուն այսօր այդպիսի խոսքեր ասես: Նա սպասում է քեզ հետ հաղորդակցվելուն:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Հովհաննեսի 1. 1-7
Հոկտեմբերի 10
Գլորիա Քոփլանդ
Ապրի՛ր վախից ազատ
«Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում: Ես կասեմ Տիրոջը` իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, Որին ես հուսացած եմ: Որովհետև Նա կփրկի քեզ որսորդի որոգայթից, չար ժանտամահից»:
Սաղմոս 91. 1-3
Հնարավո՞ր է, արդյոք, վտանգներով լի և անկանխատեսելի այս աշխարհում ապրել առանց վախի: Այո՛, ամենայն հավանականությամբ, հնարավոր է: Որովհետև պաշտպանությունը Աստծո կողմից տրված հաստատուն խոստում է:
Բայց այդ խոստումը բոլորին չէ տրված: Այդ խոստումը տրված է միայն նրանց, ովքեր բնակվում են Տիրոջ մեջ: Բնակվել նշանակում է ապրել, մնալ և շարունակել: Տիրոջ շուքի տակ մնալ նշանակում է ապրել Նրա հետ մշտական միաբանության մեջ` պահելով Նրա Խոսքը և հնազանդվելով Նրա ձայնին: Նրանք, ովքեր ապրում են Տիրոջ մեջ, կարող են ապրել առանց սատանայի մտադրություններից վախենալու:
Թույլ տուր ավելի պարզեցնեմ սա: Աստծո պաշտպանության խոստումը չի երաշխավորում, որ սատանան քեզ չի մոտենա: Դա նշանակում է, որ Աստված քեզ ելքի ճանապարհ ցույց կտա ամեն անգամ, երբ նա իր անճոռնի դեմքը ցույց տա քեզ:
Եթե դու վախենում ես քո շուրջը կատարվող վտանգներից, ավելի շատ ժամանակ անցկացրու Խոսքի և աղոթքի մեջ, մինչև որ Աստծո հանդեպ քո վստահությունը հաղթի քո վախին: Ավելի
մոտեցի՛ր Տիրոջը, մինչև որ Ամենակարողի շուքի տակ լինես: Եվ բոլորովին նշանակություն չունի, թե որքան վտանգավոր է այս աշխարհը դառնում, Նա անպայման կազատի քեզ:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ
ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 91. 1-16
Հոկտեմբերի 11
Գլորիա Քոփլանդ
Պատրա՛ստ եղիր հալածանքներին
«Եվ ամենը, որ կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսում, հալածանք պիտի կրեն»:
Բ Տիմոթեոսի 3: 12
Հասկանո՞ւմ ես, թե այս խոսքն ինչ է ասում:
Այն ասում է, որ բոլոր նրանք, ովքեր աստվածապաշտությամբ են ապրում, հալծանքներ են կրելու:
Ոչ թե միայն գերսուրբերը կամ միսիոներները, այլ ԲՈԼՈՐԸ:
Եթե պատրաստվում ես ապրել Աստծո համար, այդ դեպքում քո ճանապարհին անպայման հալածանքի
կհանդիպես: Սատանան դրա համար անպայման հոգ կտանի:
Ես սա չեմ ասում քեզ վախեցնելու կամ հուսահատության մատնելու համար: Ես սա ասում եմ,
որովհետև ցանկանում եմ, որ պատրաստ լինես դրան:
Երբ տեղյակ ես սատանայի ռազմավարությանը, նրա համար ավելի դժվար կլինի դրանք արդյունավետ
օգտագործել քո դեմ քեզ ճանապարհից շեղելու համար:
Կորնթացիների երկրորդ թղթի 10: 4-ում ասվում է. «Որովհետև մեր զինվորության զենքերը
մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր՝ բերդեր քանդելու»: Ուրեմն զինված ու պատրաստ
եղիր սատանայի հարձակումներին: Այնուհետև, երբ և ինչ էլ որ պատահի, այն չի կանգնեցնի
քո կյանքը և նույնիսկ չի դանդաղեցնի քո ընթացքը:
Դա շատ կարևոր է մեր օրերում, որովհետև մենք ապրում ենք վերջին ժամանակներում: Սատանայի
ժամանակը մոտենում է իր ավարտին: Նա հուսահատ վիճակում է: Նա ամեն բան փորձում է եկեղեցուն
կանգնեցնելու համար: Բայց Հիսուսն ասաց, որ դժոխքի դռները չեն կարող հաղթել Իր եկեղեցուն:
Հիշի՛ր, որքան ավելի նմանվենք Հիսուսին, և որքան ավելի Աստծո փառքը հայտնվի մեր կյանքերում,
այդքան ավելի մեծ սպառնալիք մենք կդառնանք սատանայի գործնեության համար: Հիսուսն ասաց.
«Ուրա՛խ եղեք այն օրը և ցնծացե՛ք, որ ահա ձեր վարձքը շատ է երկնքում, որովհետև նրանց
հայրերը այդպես էին անում մարգարեներին» (Ղուկ. 6: 23):
Ուստի, երբ քո ճանապարհին հալածանքների հանդիպես, իսկ դու գիտես, որ կհանդիպես, ուրախացի՛ր
և ցնծա՛: Վերցրո՛ւ Հիսուսի հովանավորությունը և ուրախությունից ցատկի՛ր ու փառաբանի՛ր
Աստծուն: Եթե դու այդպես անես, անհնար է, որ հալածանքն ինչ-որ վնաս հասցնի քեզ: Ես
դա փորձել եմ. այն գործում է:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Գործք առաքելոց 6: 1-15
![]()
Հոկտեմբերի 12
Գլորիա Քոփլանդ
Որսա՛ Շնորհքի Հոգու ալիքը
«Որովհետև Աստծո շնորհքը երևաց, որ փրկարար է ամեն մարդկանց համար: Որ ԽՐԱՏՈՒՄ է մեզ, որ ուրանանք ամբարշտությունը և աշխարհական ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ և աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում»:
Տիտոսի 2:11
Շնորհքը սովորեցնում է մեզ: «Շնորհքի Հոգին»
մեր ներսում կրթում է մեզ: Թո՛ւյլ տուր, որ Աստծո Սուրբ Հոգին խորհուրդ տա և սովորեցնի
քեզ, թե ինչպես է պետք ապրել այս աշխարհում:
Եթե լսես աշխարհի ձայնին, դու աշխարհիկ կամ մարմնական մտածելակերպ կունենաս, որը մահվան
է տանում: Բայց եթե որսաս Շնորհքի Հոգու ձայնը, դու հոգևոր մտածելակերպ կունենաս: Եվ,
ըստ Աստծո Խոսքի, դա կյանք և խաղաղություն է: Ուստի, երբ Աստծո Հոգին խոսում է քեզ
հետ քո ներսում գտնվող մեղմ ձայնով, լսի՛ր և հնազանդվի՛ր Նրան: Նրա ուղիները ճշմարիտ
են: Վստահի՛ր Նրան և հիշի՛ր, որ Նա մտածում է քո բարեկեցության մասին:
Գուցե Սուրբ Հոգին խնդրում է քեզ, որ թողնես որոշ գործեր, որոնք շատ ժամանակ և ուշադրություն
են խլում քեզանից: Կամ գուցե հուշում է, որ առավոտյան մի փոքր ավելի վաղ արթնանաս և
մի փոքր ավելի երկար ժամանակ անցկացնես Խոսքի և աղոթքի մեջ: Ինչ էլ որ Նա ասի, եթե
անես, դու ավելի ուժեղ կլինես Աստծո շնորհքի մեջ և հետևաբար, Աստծո օրհնությունների
մեջ:
Մի վայրկյան անգամ մի՛ հապաղիր: ԱՐԱ՛ ԴԱ: Եթե փոփոխություն ես ցանկանում, ապա փոխի՛ր:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Կորնթացիների 1: 3-8
![]()
Հոկտեմբերի 13
Քենեթ Քոփլանդ
Կրոնից դեպի իրականություն
«Որովհետև Աստված Նրան (Հիսուսին), որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արեց, որ մենք Աստծո արդարություն լինենք Նրանում»:
Բ Կորնթացիների 5: 21
Վերստին ծնվելով՝ դու կիսով չափ չծնվեցիր
կամ կիսով չափ չարդարացար և ոչ էլ մեկ քառորդ չափով: Դու դարձար Աստծո արդարությունը
Քրիստոսում: Դու դարձար Հիսուսի «ժառանգակիցը»: Ըստ Ստրոնգի համաբարբառի՝ «ժառանգակից»
բառը վերաբերում է անձի հավասարությանը, որը հիմնված է ունեցվածքի հավասարության վրա:
Հիսուսը գնաց դեպի խաչը, որպեսզի տա քեզ այն, ինչ Ինքն արդեն ուներ: Նա հարություն
առավ, որպեսզի դու նորովի ծնվես Իր նմանությամբ: Դու Ամենակարող Աստծո հաղթանակն ես:
Դու Հիսուս Քրիստոսում ավելին ես, քան հաղթող: Դու ամեն ինչ ես Հոր համար, ինչպես որ
Հիսուսն է: Հովհաննեսի 17: 23-ը իրականում ասում է, որ Աստված սիրում է քեզ այնքան,
որքան Նա Հիսուսին է սիրում:
Երբ համարձակությամբ ընդունես այդ փաստը, քո կյանքը մեկընդմիշտ կփոխվի: Դու այլևս բավարարված
չես լինի միայն նրանով, որ ինչ-որ բան փոխվի: Դու կցանկանաս կանգնել իշխանության դիրքում,
որը Հիսուսն է տվել քեզ, և զբաղեցնել քո արդար տեղը Նրա կողքին, ինչպես նաև վարվել
այնպես, ինչպես Նա է վարվում:
Որպես Նրա ժողովուրդ՝ մենք Աստծո համար այն ենք, ինչ Հիսուսն է Նրա համար:
Եթե ընդունես այս խոսքը, եթե համարձակությամբ հավատաս դրան, եթե գործի դնես այն, ապա
այն շրջադարձային փոփոխություն կբերի քո կյանքում: Այն քեզ կրոնից կտանի դեպի իրականություն:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հովհաննեսի 1: 16-26
![]()
Հոկտեմբերի 14
Քենեթ Քոփլանդ
Այդ փառավոր Անունը
«Եվ ինչ որ խնդրեք Իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդում»:
Հովհաննեսի 14: 13
Հիսուսի անունով: Դա ավելին է, քան մի արտահայտություն,
որով ավարտում ենք մեր աղոթքը: Հիսուսի անվան մեջ ներկայացվում է Աստծո ամբողջ էությունը
և այն գործերը, որոնք անում է Նա: Աստվածաշնչի անգլերեն «Ընդլայնված թարգմանությունն»
ասում է, որ երբ խնդրում ես Նրա անունով, դու քո խնդրվածքը ներկայացնում ես Հորը Հիսուսի
Ով լինելու հիմքի վրա: Ուստի դու համարձակությամբ կարող ես ակնկալել, որ այդ խնդրվածքները
կտրվեն քեզ, ոչ թե այն բանի համար, որ դու դրան արժանի ես, այլ Հիսուսի Ով լինելու
շնորհիվ:
Եվ ավելին՝ Հիսուսի անունը իշխանություն ունի բոլոր անունների վրա: Փիլիպեցիների
2: 9, 10-ում Պողոս առաքյալն ասում է. «Դրա համար էլ Աստված շատ բարձրացրեց Նրան և
Նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից բարձր է: Որ Հիսուսի անունով կրկնվի ամեն ծունկ
երկնավորների և երկրավորների և երկրի տակ լինողների»:
Սակայն Աստծո Խոսքը ինչ էլ ասի Հիսուսի անվան զորության մասին, շատ հավատացիալներ,
կարծես դրան այդքան էլ կարևորություն չեն տալիս: Նրանք աղոթում են Հիսուսի անունով,
իսկ հետո շրջվում և ասում են. «Ես հույս ունեմ, որ Աստված կպատասխանի այս աղոթքին»:
Նրանք չեն հասկանում, որ եթե միայն հավատք ունենան դրան հավատալու համար, ապա Հիսուսի
անունը բավականաչափ ազդեցություն ունի երաշխավորելու, որ իրենց աղոթքը կպատասխանվի:
Նրանք նույնիսկ թույլ են տալիս, որ կրոնական բառապաշարը իրենցից խլի Հիսուսի անունն
օգտագործելու զորությունը: Շատ անգամ եմ լսել, թե ինչպես են որոշ հավատացիալներ իրենց
աղոթքն ավարտում հետևյալ արտահայտությամբ. «Հանուն Հիսուսի»: Բայց Հիսուսը չի ասել,
որ աղոթենք հանուն Իրեն, այլ Իր անունով:
Ես ինքս գործել եմ այդպիսի սխալ: Մի գիշեր, երբ ստամոքսս ուժեղ ցավում էր, ես աղոթեցի.
«Օ~, հանուն Հիսուսի բժշկի՛ր իմ ստամոքսը»:
Մի քանի անգամ այդպես ասելուց հետո Աստված իմ ներսում ասաց. «Մի րոպե, ո՞ւմ ստամոքսն
է ցավում, Ի՞մ, թե՞ քո»:
«Իմ»,- պատասխանեցի ես:
Եվ Նա շատ հստակ ձևով ասաց. «Այդ դեպքում աղոթի՛ր հանուն քո ստամոքսի Իմ անունով»:
Հիսուսի անունով: Ուսումնասիրի՛ր Աստծո Խոսքը և տե՛ս, թե որքան զորություն և իշխանություն
ունի այդ անունը: Եվ ամեն անգամ աղոթելիս օգտագործի՛ր այդ զորությունը: Այլևս ոչ թե
հուսա, որ Աստված կպատասխանի, այլ սպասի՛ր, որ Աստված այնպես կանի, որ քո կյանքում
ամեն իրավիճակ ծունկ կծալի այդ փառավոր անվան առաջ:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հովհաննեսի 16: 13-24
![]()
Հոկտեմբերի 15
Քենեթ Քոփլանդ
Թագավորի սիրտը
«Թագավորների սիրտը ջրի վտակների պես է Տիրոջ ձեռքին, դեպի ուր որ էլ ուզենա, կդարձնի»:
Առակաց 21: 1
Մի պահ մտածի՛ր սրա մասին: Աստված իրավունք
է վերապահում կարիքի դեպքում փոխելու ազգի առաջնորդի կամքը, որպեսզի Իր ժողովրդին ղեկավարեն
Իր կամքի համեմատ:
Եվ ավելին՝ Աստված լսում է ցանկացած ղեկավար անձի աղոթքը: Նույնիսկ եթե նա աշխարհի
ամենավերջին սրիկան է: Նա լսեց ծեր Նաբուգոդոնոսոր թագավորի աղոթքը: Եվ հավատացեք ինձ,
դա նշանակում է, որ Նա կլսի ցանկացած առաջնորդի աղոթքը:
Նաբուգոդոնոսորը Բաբելոնի թագավորն էր: Նա անաստված ազգի անաստված ղեկավարն էր: Եվ
Նա Հուդայի երկրից գերիներ էր վերցրել: Նրա իշխանության տակ էին գտնվում Աստծո ժողովրդից
մարդիկ: Եվ Աստված սկսեց աշխատել նրա հետ:
Աստված շարունակ զգուշացնում էր նրան. «Նաբուգոդոնոսո՛ր, եթե չուղղվես, դու խելքդ կթռցնես»:
Եվ, իհարկե, նա ամբողջովին խելագարվեց:
Նա տարիներ շարունակ մնաց այդ վիճակում: Հետո մի օր կանչեց Աստծուն, Աստված լսեց նրան:
Թեև նա հեթանոս ազգի հեթանոս առաջնորդ էր, Աստված արագ արձագանքեց Նաբուգոդոնոսորին,
երբ նա վերջապես օգնության կանչեց Իրեն: Ինչո՞ւ: Որովհետև նրա իշխանության տակ նաև
Աստծո ժողովրդից մարդիկ էին գտնվում:
Այդ նույն սկզբունքը գործում է նաև այսօր: Եթե մենք բացենք այդ ճանապարհը աղոթքի միջոցով,
Աստված մեր առաջնորդներին էլ կփոխի:
Եթե խոնարհեցնենք մեր անձերը միաբանության և աղոթքի մեջ, Աստված կարող է փոխել մեր
կամ այլ երկրում գոյություն ունեցող անարդարությունն ու կաշառակերությունը: Նա Սպիտակ
տնից սկսած կարող է այնպես փոխել բոլորի սրտերը, որ Իր ժողովրդին արդարությամբ իշխեն:
Այսօր որոշո՛ւմ կայացրու, որ աղոթելու ես քո երկրի ղեկավարների համար:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Դանիել 4: 1-37
![]()
Հոկտեմբերի 16
Քենեթ Քոփլանդ
Համբերությունը գործի՛ դիր
«Ուրեմն դեն մի՛ գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի: Որովհետև համբերություն է պետք ձեզ, որ Աստծո կամքն անելով՝ խոստումը ստանաք»:
Եբրայեցիների 10: 35, 36
Շատերս համբերության մասին խեղաթյուրված
կարծիք ունենք: Մեզ թվում է, թե դա մի բան է, որն օգնում է մեզ արժանապատվությամբ տանել
պարտությունը: Սակայն, համաձայն այս աստվածաշնչյան տողերի, այն մեզ դնում է հաջողության
ուղու վրա:
Հմաբերությունը (կամ միշտ կայուն լինելը) հավատքի մյուս գործընկերն է: Սրանք միասին
այնպես են գործում, որ Աստծո խոստումներն իրականանան քո կյանքում:
Օրինակ, ասենք, դու աշխատանքի կարիք ունես: Դու կարող ես Աստվածաշունչը բացել և հստակ
տեսնել, որ Աստված խոստանում է բավարարել քո կարիքները: Դու կարող ես տեսնել որ Աստծուն
հաճեցնում է Իր ծառաների բարգավաճումը: Երբ դա հասկանաս, կպարուրվես հավատքով և կգոչես.
«Ալելո~ւիա, ես ունեմ ինձ հարկավոր աշխատանքը»:
Բայց ի՞նչ կկատարվի այդ հավատքի հետ վաղն առավոտյան, երբ գնաս երեք հարցազրույցի և
երեքից էլ մերժում ստանաս: Ի՞նչ պետք է անել դրանից հետո: Ահա այստեղ է պետք համբերությունը
գործի դնել: Այդ ժամանակ է, որ դու պետք է որոշում կայացնես կայուն մնալ և վարվել այնպես,
կարծես ոչինչ էլ չի փոխվել:
Ճշմարտությունն այն է, որ եթե դու քո վստահությունն Աստծո Խոսքի վրա ես դրել, ուրեմն
ոչինչ էլ չի փոխվել: Որովհետև Խոսքն ասում է ճիշտ այն, ինչ երեկ էր ասում:
Ուրեմն, եթե դու գործի դնես համբերությունը, կիմանաս, թե ինչ ես ասելու այդ երեք անհաջող
հարցազրույցներից հետո: Դու կասես՝ «Ալելո~ւիա, ես ունեմ ինձ հարկավոր աշխատանքը»,
ինչպես որ առաջ էիր ասում:
Հասկանո՞ւմ ես, հավատքը քեզ համար դուռ է բացում Աստծո խոստումի առջև, իսկ համբերությունը
այդ դուռը բաց է պահում մինչև խոստումի կատարվելը:
Արդյո՞ք քո հավատքն այսօր Աստծո Խոստումի վրա է հիմնված, մի Խոստում, որին երկար
ժամանակ ես սպասում: Թույլ մի՛ տուր, որ հապաղումը վհատեցնի քեզ: Գործի՛ դիր
համբերությունը: Խոսքը երաշխավորում է, որ դու կպարգևատրվես:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Եբրայեցիների 6: 10-15
![]()
Հոկտեմբերի 17
Գլորիա Քոփլանդ
Ապրել սիրո կյանքով
«Ոչ ոք Նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար»:
Հովհաննեսի 15: 13
Մենք հաճախ մտածում ենք, որ կյանքը ուրիշի
համար դնել նշանակում է մահանալ: Հիսուսը հենց դա արեց: Նա այնքան շատ սիրեց մեզ, որ
Իր կյանքը դրեց՝ մահանալով մեր փոխարեն, որպեսզի մենք կարողանանք ապրել:
Բայց հիմա Հիսուսը խնդրել է մեզ, որ այլ կերպ դնենք մեր կյանքերը: Նա խնդրել է ցույց
տալ մեր սերը ոչ թե ուրիշների համար մահանալով, այլ նրանց համար ապրելով:
Իրականում ի՞նչ է սա նշանակում:
Երբեմն նշանակում է մեր կյանքերը դնել ժամանակ տրամադրելով ուրիշի համար աղոթելու գործում:
Մեկ այլ դեպքում նշանակում է մեր անձերը տալ սիրով և հասկացողությամբ: Շատ անգամ նշանակում
է մի կողմ թողնել եսակենտրոն ցանկությունները, որպեսզի լրացնենք ուրիշների կարիքները:
Հռոմեացիների 15: 1-ն այն այսպես է ձևակերպում. «Արդ մենք, հավատքով արդարացած
լինելով, Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով»:
Երբ դնում ես քո կյանքը, դու ապրում ես Աստծուն հաճեցնելու համար և ոչ թե ինքդ քեզ:
Դու թույլ ես տալիս, որ քո կյանքը առաջնորդվի Նրա սիրով: Երբ Սերը քեզ առաջնորդում
է դեպի կողքի հարևանը, դու հետևում ես այդ առաջնորդությանը: Երբ Սերը կանչում է, որ
բարեխոսես ինչ-որ մեկի համար, դու տրվում ես այդ գործին:
Այսօր վճռի՛ր, որ թողնելու ես քո սեփական կյանքը Սիրո կյանքը վերցնելու համար:
Ասա. «Հա՛յր, Հիսուսի անունով ես Քո Խոսքում տեսնում եմ, որ Դու կամեցար ամբողջ մարդկության
համար դնել Քո Անձը Քո Որդու միջոցով»: Ես գիտակցում եմ, որ, քանի որ Հիսուսը իմ կյանքի
Տերն է, ես էլ եմ կանչված իմ կյանքը ուրիշների համար դնելու: Ես այսօր ընտրում եմ այդ
կոչումը:
Ես կտամ իմ ժամանակը: Ես կտամ իմ մեջ բնակվող Քո սերը: Ես ուժեղ կլինեմ և կբարձրացնեմ
տկարներին: Ես միշտ Քո տրամադրության տակ կլինեմ, որ ինձ օգտագործես, որպեսզի իմ շուրջը
գտնվող մարդիկ կարողանան վերապրել այն ավելցուկով կյանքը, որը Դու տվել ես:
Տե՛ր, Դու ինձ սիրել ես գոյություն ունեցող ամենամեծ սիրով: Եվ ինձ համար մեծ արտոնություն
է այդ սերը ուրիշների հետ բաժնեկցելը: Ես շնորհակալ եմ Քեզ դրա համար, Հիսուսի անունով:
Ամեն:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Գաղատացիների 5: 22-26
![]()
Հոկտեմբերի 18
Գլորիա Քոփլանդ
Ավանդույթից դեպի Ճշմարտություն
«Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի՛ մոռացիր Նրա բոլոր բարիքները: Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցավերը»:
Սաղմոս 103: 2-5
Արդյոք աստվածային նպատակ կա՞ բոլոր այն
վատ երևույթների ետևում, որ կատարվում են քո կյանքում: Հնարավո՞ր է, արդյոք, որ բոլոր
հիվանդություններն ու դժբախտությունները Աստծո ծրագրի մի մասն են կազմում քո կյանքի
համար:
Նախքան բժշկվելը և Աստծո ազատագրող զորությունը վերապրելը դու պետք է իմանաս այս հարցերի
պատասխանները: Դու պետք է մեկընդմիշտ լուծես այս հարցերի պատասխանները: Եթե նույնիսկ
կասկածում ես, որ Աստված է քո դժբախտությունների աղբյուրը, ուրեմն չես կարող հավատալ,
որ Նա կազատի քեզ դրանցից: Քո հավատքը անդամալույծ կլինի, որովհետև դու կմտածես, որ
նման բաներից փախչելով՝ դու հակառակվում ես Նրա կամքին:
Որպեսզի ստանաս բոլոր այն օրհնությունները, որոնք Աստված ցանկանում է տալ քեզ, դու
պետք է լիովին համոզված լինես, որ Նա Բարի Աստված է: Դու պետք է վստահ լինես, որ Նրա
կամքը քեզ համար առողջություն է և ոչ թե հիվանդություն, բարգավաճում է և ոչ թե աղքատություն,
ուրախություն է և ոչ թե վիշտ, և սա միշտ գործում է 100 տոկոսով: Սաղմոս 103-ը բավական
է ապացուցելու համար, որ սա Ճշմարտություն է: Եթե դա բավական չէ քեզ համոզելու համար,
ապա շատ բազում աստվածաշնչյան տեղեր կան, որոնցից է Սաղմոս 136: 1-ը. «Գոհացե՛ք Տիրոջից,
որ բարի է, որ հավիտյան է Նրա ողորմությունը»:
Եթե կրոնական ավանդույթները քեզանից գողացել են Աստծո բարությունը, եթե քեզ սովորեցրել
են, որ Նա է քո կյանքում նեղություններ բերողը, այդ դեպքում Աստված քեզ սովորեցնելու
բան ունի: Սկսի՛ր այսօրվանից լվանալ ու հեռացնել այդ ավանդույթները Ճշմարտության միջոցով:
Բացի՛ր քո Աստվածաշունչը և թո՛ւյլ տուր, որ Աստված Իր սեփական Խոսքի միջոցով ցույց
տա, որ Բժշկող Աստված է (Ելից 15: 26): Խորացի՛ր Խոսքի մեջ և տե՛ս, որ Նա ողորմության
(Սաղմոս 86: 5), բարության (Երեմիա 9: 24) և գթասրտության Աստված է (Սաղմոս 145:
8):
Մի կո՛ղմ դիր քո կասկածները և բացի՛ր սիրտդ՝ ընդունելու քո երկնային Հոր մասին Ճշմարտությունը:
Դա միակ բանն է, որ իսկապես կարող է քեզ ազատ արձակել:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 89: 1-28
![]()
Հոկտեմբերի 19
Քենեթ Քոփլանդ
Թույլ մի՛ տուր, որ բաժանումները խանգարեն քո աճին
«Եվ ես, եղբայրնե՛ր, չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ, այլ ինչպես մարմնավորների հետ, ինչպես մանուկների հետ Քրիստոս Հիսուսում: Կաթ խմեցրի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև տակավին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չեք կարող: Որովհետև տակավին մարմնավոր եք, քանի որ տակավին նախանձ, կռիվ և բաժանումներ կան ձեր մեջ...»:
Ա Կորնթացիների 3: 1-3
Նախանձը, կռիվները և բաժանումները Կորնթոսի վաղ եկեղեցու քրիստոնյաներին ետ էին բերել իրենց աշխարհիկ, մարմնական վիճակին, որում գտնվում էին նախքան վերստին ծնվելը: Այդ ամենն այնքան էր դանդաղեցրել նրանց հոգևոր աճը, որ նույնիսկ չէին հասկանում, թե ինչ էր Պողոս առաքյալը ցանկանում սովորեցնել:
Սատանան այսօր էլ ուղարկում է այդ բաժանման ոգին: Նա գիտի, որ իր մեջ բաժանումներ ունեցող տունը կքանդվի: Նա գիտի նաև, որ եթե մենք բոլորս միաբանվենք մեր հավատքով, ապա կհասնենք Քրիստոսի կատարյալ հասակի չափին (Եփես. 4: 13):
Ուստի նա մի բաժանման հոգի է ուղարկել, որ գործի մեր անձնական կյանքում, մեր եկեղեցական կյանքում, մեր հասարակական կյանքում և մեր ընտանեկան կյանքում: Ինչ նպատակ որ սատանան ուներ Կորնթոսի համար, նույնն էլ ունի մեզ համար. կանգնեցնել մեր հոգևոր աճը, բերել նախանձ, կռիվ և բաժանում:
Բայց մենք չպետք է տրվենք այդ ոգուն: Պողոսն ասում է. «Բայց ճշմարտություն խոսելով սիրո մեջ՝ աճենք նրանում ամեն բանով, որ է գլուխը՝ Քրիստոսը»:
Համեմատենք «Ճշմարտությունը խոսենք սիրով» արտահայտությունը «նախանձ, կռիվներ և բաժանումներ» արտահայտության հետ: Սրանք բացարձակ հակասություններ են, չէ՞: Դու չես կարող միևնույն ժամանակ երկուսն էլ անել: Երբ սիրով ասում ես Ճշմարտությունը, դու աճում ես: Երբ նախանձում ես, փքվում և բաժանվում մյուսներից, դու երեխայություն ես անում:
Թույլ մի՛ տուր, որ սատանան կանգնեցնի քո հոգևոր աճը՝ ենթարկելով քեզ բաժանման ոգուն, այլ խոսի՛ր Ճշմարտությունը սիրով և «աճի՛ր ամեն բանում Նրա մեջ»:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հակոբոսի 4: 1-11
![]()
Հոկտեմբերի 20
Գլորիա Քոփլանդ
Դեղատոմս կյանքի համար
«Եվ Նա ժողովրդին Իր աշակերտների հետ Իր մոտ կանչեց և նրանց ասաց. «Ով որ ուզում է Իմ ետևից գալ, թող իր անձը ուրանա և իր խաչը վեր առնի և Իմ ետևից գա: Որովհետև ով որ կամենա իր անձը ապրեցնել, կկորցնի այն, և ով որ ին անձը Ինձ համար և Ավետարանի համար կորցնի, նա կապրեցնի նրան»:
Մարկոսի 8: 34, 35
Այս խոսքերն ասելիս Հիսուսը պարզապես ցուցումներ
չէր տալիս, թե ինչպես կարելի է երկինք գնալ: Նա ասում էր, թե ինչպես կարող ենք հիանալի
կյանքով ապրել այստեղ՝ երկրի վրա:
Գիտե՞ս, մենք հենց այստեղ կարող ենք գերազանց կյանքով ապրել: Բայց դրանից օգտվելու
համար մենք պետք է հրաժարվենք այն կյանքից, որին շատերս սովոր ենք: Մենք պետք է թողնենք
շատ բաներ, որոնք փորձում էինք պահել ամեն գնով: Դրա փոխարեն մեր սրտերում պետք է դնենք
այն, ինչ Աստված է ցանկանում, որ անենք:
Հիսուսը հենց այդպես վարվեց: Նա Իր կյանքը Իր համար չապրեց: Նա ապրեց կատարելապես
Աստծո համար: Նա անում էր միայն այն, ինչ Աստված էր ասում: Եվ Նա ապրեց կատարյալ հաղթական
կյանքով:
Ժամանակն է հասկանանք, որ վերստին ծնվելը պարզապես դժոխքից խուսափելու միջոց չէ: Մեր
նպատակը Աստծուն հաճեցնելն է, որպեսզի մեր կյանքերը դնենք Նրա ցանկությունները կատարելու
համար, լինել Նրա հատուկ սեփականությունը այս երկրի վրա և անել ամեն բան, ինչ Նա կասի
մեզ: Մեր առաջնային խնդիրը պետք է լինի Նրան նվիրվելը և Նրա հետ հաղորդության մեջ մտնելը:
Պետք է բավականաչափ ժամանակ անցկացնենք Նրա հետ, որպեսզի լսենք Նրա ձայնը և պատասխանենք
հնազանդությամբ:
Միայն այդպես վարվելուց հետո մենք կկարողանանք ապրել այն հիանալի կյանքով, որին փափագում
ենք:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Գործք առաքելոց 20: 7-24
![]()
Հոկտեմբերի 21
Քենեթ Քոփլանդ
Ուխտով տրված բարգավաճում
«Այլ հիշի՛ր քո Եհովա Աստծուն, որովհետև Նա է հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը, որ քո հայրերի հետ Իր երդումով արած ուխտը հաստատի»:
Երկրորդ օրինաց 8: 18
Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ Իր ժողովուրդը
բարգավաճի: Որ ավելի մեծ հեռուստացույցնե՞ր ունենանք: Որ ավելի շքեղ տներ և ավելի ճոխ
մեքենանե՞ր կարողանանք գնել:
Բարգավաճման համար Աստծո նպատակը հետևյալն է. հաստատել Աստծո ուխտը երկրի վրա և տալ
կարիքավորներին:
Ես լսել եմ, թե ինչպես են մարդիկ ասում. «Դե՛, եղբայր Քոփլանդ, Հիսուսի ծառայությունը
աղքատիկ էր, Նա հազիվ էր ծայրը ծայրին հասցնում»: Դա ծիծաղելի է: Ամբողջ Հին կտակարանում
կարող ես տեսնել, որ Աստված նյութական օրհնություններ է խոստանում բոլոր նրանց, ովքեր
կքայլեն կատարելությունով և արդարությունով Իր առջև: Եթե Աստված Հիսուսին ֆինանսապես
չօրհներ, Նա կխախտեր Իր իսկ Խոսքը:
Հիսուսը երբեք Իր համար աշխարհիկ կայսրություն չստեղծեց: Բայց սա չի նշանակում, որ
Նա աղքատ էր, այլ այն, որ Նա ամենամեծ զոհաբերողն էր, Ով երբևէ ապրել է այս երկրի երեսին,
և ժամանակն է, որ մենք էլ հետևենք Նրա քայլերին:
Եթե մենք սկսենք մարդկանց օրհնել, նրանց կարիքները հոգալ, ապա մեզ ավելի հեշտությամբ
կհաջողվի շահել նրանց սրտերը:
Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կկատարվի մի սովահար ազգի սրտի հետ, եթե մի մեծ ինքնաթիռով ուտելիք,
հագուստ և բուժօգնություն բերես նրանց Հիսուսի սիրով և Նրա անունից: Այդ մարդկանց սրտերը
կփափկեն: Նրանք պատրաստ կլինեն լսելու այն ամենը, ինչ ասենք Հիսուսի մասին:
Թույլ մի՛ տուր, որ ինչ-որ մեկը քեզ ասի, թե բարգավաճելը սխալ է: Սխալ է, եթե չես ցանկանում
բարգավաճել, երբ այդ բարգավաճումը կարող է միլիոնավոր մարդկանց համար երկնքի և դժոխքի
հարց լուծել:
Մոռացի՛ր քո սեփական կարիքները: Բարձրացրո՛ւ քո տեսիլքը և ցանկացի՛ր օրհնել, որպեսզի
լրացնես ինչ-որ մեկի կարիքը, որպեսզի հաստատես Աստծո ուխտը այս երկրի վրա: Այնուհետև
ամո՛ւր կանգնիր հավատքով և պատրա՛ստ եղիր վայելելու ամենամեծ բարգավաճումը, որի մասին
երբեք չես լսել:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Երկրորդ օրինաց 8: 11-18
![]()
Հոկտեմբերի 22
Գլորիա Քոփլանդ
Երբ գալիս են դժվար ժամանակները
«Բայց եկեղեցիները բոլոր Հրեաստանի՝ Գալիլեայի և Սամարիայի մեջ խաղաղություն ունեին, շինվում էին և Տիրոջ երկյուղին հետևում: Եվ Սուրբ Հոգու մխիթարությամբ շատանում էին»:
Գործք առաքելոց 9: 31
Լինում են ժամանակներ, երբ այս աշխարհում
կյանքը դառնում է դժվար, տհաճ և երբեմն էլ խիստ ցավալի: Երբ նման ժամանակներ են գալիս,
քեզ անմիջապես մխիթարություն է հարկավոր, որը կարող է տալ միայն Սուրբ Հոգին:
Իսկ ինչպե՞ս կարելի է ստանալ նման մխիթարություն:
Պարզապես անելով այն, ինչ Գործք առաքելոցի հավատացիալներն էին անում. «Տիրոջ երկյուղին
հետևելով»:
Հիմա, երբ ես խոսում եմ «Աստծո երկյուղի» մասին, խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացիր: Ես
չեմ ասում, որ դու պետք է վախենաս Աստծուց: Նա քո Հայրն է: Երբ դու կանգնում ես Նրա
առաջ, դու պետք է համարձակությամբ և առանց վախի մոտենաս, ինչպես մի երեխա, ով գիտի,
որ իրեն շատ են սիրում: Բայց դու նույնպես այնքան հարգանք պետք է ունենաս Նրա հանդեպ,
որ երբ Նա ինչ-որ բան հայտնի քեզ, որ անես, դու անմիջապես գործի անցնես, նույնիսկ եթե
այն քո ցանկություններին հակառակ է: Դա նշանակում է քայլել Տիրոջ երկյուղի մեջ:
Թույլ տուր բացատրեմ, թե ինչ եմ ուզում ասել: Մի քանի տարի առաջ մի տագնապալի զանգ
ստացա քարոզելուց մեկ-երկու րոպե առաջ: Դա ցավալի մի լուր էր այն մասին, որ իմ երեխաներից
մեկի հանդեպ շատ սխալ էին վարվել: Այդ լուրը խոցեց իմ սիրտը:
Ես լաց եղա և ցանկանում էի բարկանալ ու մի լավ հակահարված տալ: Բայց դրա փոխարեն ես
սկսեցի լեզուներով աղոթել: Եվ երբ աղոթում էի, Սուրբ Հոգին հուշեց, որ ցնծամ և փառաբանեմ
Տիրոջը:
Անշուշտ, փառաբանելու ոչ մի ցանկություն չունեի: Ես ուզում էի ոտքերով դոփել: Բայց
Տիրոջ հանդեպ իմ հարգանքից ելնելով ես իմ զգացմունքները մի կողմ դրեցի և հնազանդվեցի:
Հետո Սուրբ Հոգին դրդեց, որ գնամ և հատուկ մի մարգարեություն կարդամ: Երբ դա արեցի,
կարող եմ ասել, որ ուժեղացա:
Հետո հասկացա, որ ազատ եմ: Իմ հնազանդության միջոցով ես ինքս ինձ բացեցի Սուրբ Հոգու
մխիթարող զորության առջև: Այն բարկությունը և ցավը, որ պարուրել էին ինձ մի քանի րոպե
առաջ, հեռացան: Դրանց փոխարինելու եկան Տիրոջ գորովալի սերը և հաստատությունը:
Անկախ այն բանից, թե ինչ ցավալի կամ դժվարին իրավիճակում ես այսօր հայտնվել, վստահի՛ր
և հնազանդվի՛ր քո Հոր առաջնորդությանը: Նա կտա քեզ այդ գերբնական, Սուրբ Հոգուց ներշնչված
մխիթարությունը:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մատթեոսի 4: 1-11
![]()
Հոկտեմբերի 23
Քենեթ Քոփլանդ
Ընտրի՛ր Կյանքը
«Որովհետև մարմնի խորհուրդը մահ է, և հոգու խորհուրդը՝ կյանք և խաղաղություն»:
Հռոմեացիների 8: 6
Եթե հնարավորություն ունենայիր ընտրելու
կյանքը կամ մահը, ո՞րը կընտրեիր: Պատասխանը ակնհայտ է թվում: Բայց իրականում այդպես
չէ:
Հասկանո՞ւմ ես, մահն ընտրելը դեռ չի նշանակում նետվել մոտակա ժայռից: Սա ավելի նուրբ
խնդիր է:
Աստվածաշունչն ասում է, որ մարմնական մտածելակերպ ունենալը, ներկայիս աշխարհիկ կյանքով
ապրելը մահ է նշանակում: Աստվածաշունչը նաև ասում է, թե ինչ է կյանքը: Առակաց 4: 20-22-ն
ասում է. «Որդյա՛կս, ուշադի՛ր եղիր Իմ խոսքերին և ակա՛նջ տուր Իմ ասածներին... քանի
որ դրանք կյանք են»:
Աշխարհիկ մտածելակերպ ունենալը մահ է: Խոսքի վրա հիմնված մտածելակերպ ունենալը կյանք
է:
Ղուկասի 10-ում խոսվում է մի պատմության մասին, որը շատ հստակ նկարագրում է այս սկզբունքը:
Դա Մարիամի և Մարթայի պատմությունն է: Դու հավանաբար հիշում ես այն: Մարիամը նստած
էր Հիսուսի ոտքերի մոտ և լսում էր Նրա ուսմունքները, մինչ Մարթան զբաղված էր խոհանոցում
բոլորի համար ճաշ պատրաստելով:
Ի վերջո, Մարթայի համբերությունը սպառվեց: Նա եկավ Հիսուսի մոտ և ասաց. «Տե՛ր, հոգդ
չէ՞, որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու, ուրեմն ասա՛ նրան, որ օգնի ինձ»: Հիսուսը
պատասխանեց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես քաշում ու շատ բաներով զբաղված ես: Բայց
մի բան է պետք: Մարիամը Բարի բաժինն ընտրեց, որը չի վերցվի նրանից» (Ղուկ. 10: 41,
42):
Մարիամը ամեն բան մի կողմ էր դրել, որպեսզի կարողանար լսել Խոսքը: Բայց Մարթան թույլ
էր տվել, որ կարևոր թվացող կենցաղային հոգսերը ավելի կարևոր լինեն, քան Խոսքը: Նա ընտրել
էր մահը և ոչ թե Կյանքը:
Հիմա տեսնո՞ւմ ես, թե ինչ հեշտությամբ կարելի է հայտնվել նման իրավիճակում:
«Բայց, եղբա՛յր Քոփլանդ, իմ կյանքը կքանդվի, եթե ես ամբողջ ժամանակս կյանքի հոգսերի
վրա չծախսեմ»:
Իրո՞ք: Երևի Մարթան նույնպես նման բան էր մտածում: Գուցե նա մտածում էր, որ եթե ճաշ
չպատրաստեր այդ ժողովրդի համար, նրանք սոված կմնային: Բայց հաստատ սոված չէին մնա:
Հիսուսը նախկինում էլ հազարավորների կերակրել էր հրաշքով, և Նա նորից կարող էր անել
դա Մարթայի տանը: Մարթան կարող էր գցել իրեն Հիսուսի ոտքերի մոտ և հետո մեծ խնջույք
վայելել Աստծո հաշվին:
Մի՛ կրկնիր Մարթայի սխալը: Թույլ մի՛ տուր, որ հոգսերն այնպես կլանեն քեզ, որ ընտրես
մահը: Որոշի՛ր Աստծո Խոսքը առաջին տեղում դնել: Ընտրի՛ր Կյանքը:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների 8: 5-13
![]()
Հոկտեմբերի 24
Գլորիա Քոփլանդ
Աստված նույնպես կգնա
«Եվ նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է Նրա հետ»:
Ա Կորնթացիների 6: 17
Մեկ անգամ ես լսեցի Աստծո հզոր մի ծառայողի
մասին, ով ամեն անգամ իր կոստյումը հագնելիս նայում էր հայելու մեջ և ասում. «Կոստյո՛ւմ,
այսօր ուր որ գնաս, Աստված քո մեջ է լինելու»: Եվ գիտե՞ս, նա իրավացի է: Եթե դու միաբանվել
ես Աստծո հետ, ընդունել Հիսուսին որպես քո Տեր, այսօր ուր որ գնաս, Աստված նույնպես
այնտեղ կգնա: Որպես հավատացիալներ՝ մենք պետք է ավելի ու ավելի գիտակցենք սա: Մենք
պետք է վարժեցնենք մեզ այն մտքին, որ Աստված մեր ներսում է, խոսում է մեզ հետ, սովորեցնում
է մեզ, խորհուրդներ է տալիս, զորացնում և օծում է մեզ Իրենով:
Մենք անդադար պետք է ինքներս մեզ հիշեցնենք, որ մենք մեկ ենք Նրա հետ: Այսինքն՝ ամեն
անգամ, երբ ինչ-որ մի խնդրի առաջ ենք կանգնում, երբ հանդիպում ենք մի չար հոգու, որը
փորձում է ներգործել մեր կյանքի վրա և խանգարել մեզ, Աստված էլ նույն բանին է հանդիպում:
Երբ մենք կանգնում ենք նման բաների առաջ, Աստված էլ է կանգնում: Եվ Նա արդեն հաղթահարել
է դրանք:
Թույլ տուր քաջալերեմ քեզ, որ երբ այսօր հագնվես և նայես հայելու մեջ ասես. «Ես միաբանված
եմ Տիրոջ հետ և Նրա հետ մեկ հոգի եմ: Մարմի՛ն, այսօր ուր որ գնաս... Աստված էլ է գնալու
հետդ: Աստված քո մեջ է: Աստծո զորությունը քո մեջ է: Աստծո իմաստությունը քո մեջ է:
Աստծո հաղթանակը քո մեջ է»:
Ամեն օր այդ նույն բաները ասա՛ քեզ օրը մի քանի անգամ: Եվ այդպես շարունակի՛ր, մինչև
որ նման մտածելակերպը սովորություն դառնա: Այդպե՛ս արա, որպեսզի միշտ գիտակցես այն
իրականությունը, որ Աստված ապրում է քո մեջ:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա կորնթացիների 6: 17-20
![]()
Հոկտեմբերի 25
Քենեթ Քոփլանդ
Ազատվի՛ր գորտերից
«Ժամանակ որոշի՛ր ինձ համար, թե երբ քեզ համար և քո ծառաների համար և ժողովրդիդ համար աղաչեմ, որ քեզանից և քո տներից գորտերը կորչեն, և միայն գետի մեջ մնան»:
Ելից 8: 9
Երբևէ պայքարե՞լ ես մի այնպիսի խնդրի դեմ,
որը համառորեն հրաժարվել է հեռանալ: Այն կարծես իմունիտետ ունենա բոլոր այն լուծումների
հանդեպ, որոնք դու կիրառում ես: Ամեն հնարավոր ձևով դու պայքարում ես դրա դեմ, բայց
այն հեռանալու փոխարեն ծավալվում և այնքան է ընդլայնվում, որ ամբողջությամբ անկառավարելի
է դառնում:
Աստվածաշունչն ասում է, որ հազարավոր տարիներ առաջ Եգիպտոսի փարավոնը հենց նման խնդրի
առաջ էր կանգնել: Նա Աստծո հետ թեժ բանավեճի մեջ էր իսրայելացիների ապագայի հարցի շուրջ,
և դրա արդյունքում մի առավոտ նա արթնացավ և տեսավ, որ իր երկրում ամենուր գորտեր են
վխտում, լպրծուն, գարշահոտ գորտեր, որոնք այս ու այն կողմ էին ցատկում:
Դա լուրջ պրոբլեմ էր: Ես չեմ խոսում բակի մեկ կամ երկու գորտի մասին: Ուզում եմ ասել,
որ գորտերն ամենուր էին՝ անկողիններում, սեղանների վրա, վառարաններում, հացի խմորի
և խմելու ջրի մեջ, մազերի մեջ և ամենուր:
Հետո Աստված քայլ արեց: Նա ուղարկեց Իր մարդուն՝ Մովսեսին, որ գնա փարավոնի մոտ և հարցնի.
«Ե՞րբ Աստծուն աղաչեմ, որ այս գորտերին հեռացնի այստեղից»:
Գիտե՞ս, թե փարավոնն ինչ պատասխանեց:
«Վաղը»: Կարո՞ղ ես պատկերացնել դա: Նա կարող էր ասել. «Հենց հիմա՛: Այսօ՛ր»: Բայց դրա
փոխարեն նա որոշեց ևս մեկ գիշեր անցկացնել գորտերի հետ:
Դու կասես. «Նման հիմար բան կյանքումս չեմ լսել: Ինչո՞ւ փարավոնը այդ գործը վաղվան
թողեց»: Չգիտեմ: Գուցե պատճառը նույնն է, ինչպես որ դու ես ցանկանում սպասել մինչև
վաղը փրկվելու, բժշկվելու կամ էլ բարգավաճելու համար:
Ես ցանկանում եմ, որ դու ուշադրություն դարձնես սրա վրա: Երբ Մովսեսը փարավոնին տվեց
այդ հարցը, և վերջինս էլ պատասխանեց՝ վաղը, Մովսեսն ասաց. «Շատ լավ: ՔՈ ԽՈՍՔԻ ՊԵՍ ՔԵԶ
ԼԻՆԻ, որ իմանաս, որ երկնքում Աստված կա»:
Թույլ տուր հարցնեմ քեզ. որքա՞ն ես թույլ տալու, որ այդ խնդիրը անհանգստացնի քեզ: Ե՞րբ
ես ազատվելու քո կյանքի գորտերից: Հասկանո՞ւմ ես արդյոք, որ նրանք կմնան այնքան ժամանակ,
որքան որ թույլ տաս: Դրանք քեզ հետ կլինեն այնքան ժամանակ, մինչև որ ամուր որոշում
կայացնես հետևել Աստծո Խոսքին և դուրս վռնդել դրանց:
Ինչո՞ւ հիմա չանել դա:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ելից 8: 1-13
![]()
Հոկտեմբերի 26
Քենեթ Քոփլանդ
Զբաղեցրո՛ւ քո տեղը
«Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, Իր շատ սիրո համար, որ սիրեց մեզ, երբ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ... Նրա հետ մեզ հարություն տվեց և Նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում»:
Եփեսացիների 2: 4-6
Աստված մեզ հարություն տվեց, որպեսզի մենք երկնավորներում նստենք Հիսուս Քրիստոսի հետ: Այդպես է ասում Աստծո Խոսքը: Մեզանից շատ քչերն են համարձակվել հավատալ այս խոսքին: Մենք բարձրացրել ենք Հիսուսին: Մեծարել ենք Նրան: Այո՛, դա այդպես է: Բայց միևնույն ժամանակ ակամայից թերագնահատել ենք Նրա արածը՝ թույլ չտալով, որ Նա մեզ Իր կողքը նստեցնի:
Դա էր Աստծո նպատակը Գողգոթայի վրա. նստեցնել մեզ Հիսուսի կողքին: Մեզ դարձնել այն, ինչ Հիսուսն էր:
Հասկանո՞ւմ ես, Հիսուսին մեծարանք հարկավոր չէր: Նա մինչև այս աշխարհ գալը արդեն մեծարված էր: Այդ ժամանակ էլ Հիսուսը և Հայրը մեկ էին: Նա կարիք չուներ իշխանություն ձեռք բերել սատանայի վրա, քանի որ Նա երբեք էլ չէր կորցրել այդ իշխանությունը:
Նա ֆիզիկական մարմին հագավ, որպեսզի կարողանար աշխարհ գալ որպես մարդ և Իր ձեռքը վերցնել իշխանությունը մեղքի, հիվանդության, դևերի, վախերի, աղքատության և այլ անեծքների վրա, որոնք սկսել էին գործել այն ժամանակ, երբ մահվան օրենքն էր հաստատվել երկրի վրա: Եվ Հիսուսը վերցրեց այդ իշխանությունը: Նրան դա հաջողվեց: Նա մտավոր և ֆիզիկական բնագավառներում տիրապետում էր ամեն ինչի:
Նախքան համբարձվելը Նա ասաց. «Ամեն իշխանություն Ինձ տրվեց թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա»:
Այնուհետև այդ իշխանությունը մեզ տվեց՝ տալով Իր Անունը:
Հիսուսը աշխարհ եկավ, մահացավ և հարություն առավ ինձ և քեզ համար: Նա դա Իր համար չարեց:
Հիսուսը դա արեց, որ մեզ Իր մոտ վերցնի, որպեսզի մենք կարողանանք վերցնել Նրա Անունը
և գործածենք Նրա իշխանությունը այս երկրի վրա: Նա դա արեց, որպեսզի մենք
կարողանանք կանգնել Աստծո առաջ և լինենք այն ամենը, ինչ Հիսուսն է:
Երբ դու վերստին ծնվեցիր, դու Քրիստոսում դարձար Աստծո արդարությունը: Ուրեմն, որպես
վերստին ծնված հավատացյալ՝ համարձակությամբ ընդունի՛ր այս պատգամը, մտածի՛ր դրա շուրջ
և գործի՛ր դրա համեմատ:
Համարձակությո՛ւն ունեցիր զբաղեցնել քո տեղը:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Եփեսացիների 2: 1-13
![]()
Հոկտեմբերի 27
Քենեթ Քոփլանդ
Մի՛ կառչիր կռահումներից
«Կանչի՛ր ինձ, և Ես քեզ պիտի պատասխանեմ, և Ես քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես»:
Երեմիա 33: 3
Ո՞մ ես դիմում դու, երբ օգնության կարիք
ես զգում, երբ քեզ հարկավոր է պատասխան ինչ-որ կարևոր հարցի համար: Առաջինն Աստծո՞ւն
ես հարցնում:
Շատ հավատացիալներ այդպես չեն վարվում: Նրանք ամբողջ օրը իրար հետ են խոսում՝ անհանգստությունից
մատները ճրթճրթացնելով: Կամ հարցնում են իրենց հովվին, իրենց ընկերներին, ամուսիններին
կամ կանանց: Իսկ Աստծուց հարցնո՞ւմ են: Ո՛չ:
Այդ սխալը մի՛ գործիր:
Ավելի լավ է հետևես Դավիթ թագավորի օրինակին: Մնացորդաց առաջին գրքի 14- ում Աստվածաշունչն
ասում է, որ Դավիթը պատրաստվում էր մարտնչել փղշտացիների դեմ, որոնք ԲՈԼՈՐՈՎ դուրս
էին եկել իր դեմ: Փղշտացիները տարիներ շարունակ Իսրայելի թշնամին էին: Դավիթը կարող
էր կռահել, որ Աստված կասեր՝ գնա՛ ու պայքարի՛ր նրանց դեմ: Բայց Նա ոչ մի կռահում չարեց:
Դավիթը գնաց Աստծո մոտ և հարցրեց. «Վեր գնա՞մ փղշտացիների վրա: Դու նրանց իմ ձեռքը
կմատնե՞ս»: Եվ Տերն ասաց նրան. «Գնա՛, և Ես նրանց քո ձեռքը կմատնեմ»:
Կռահումներից կախվածություն մի՛ ունեցիր: Երբ հանդիպում ես ինչ-որ դժվարության,
փնտրի՛ր Աստծուն Նրա Խոսքի և աղոթքի միջոցով և հարցրո՛ւ, թե որն է լուծումը: Նշանակություն
չունի, թե որքան աստվածաշնչյան տողեր անգիր գիտես, նշանակություն չունի՝ որքան լավ
ես գիտակցում, թե ով ես դու Հիսուս Քրիստոսում, դու երբեք չես կարող քո ուժերով լուծել
այդ խնդիրը:
Գնա՛ Տիրոջ մոտ և հստակ ճշտի՛ր, թե ինչ է Նա ցանկանում, որ դու անես: Հարկավոր չէ,
որ գործերդ ծրագրես ու միայն դրանից հետո դիմես Աստծուն, որ օրհնի այն: Գնա՛ Նրա մոտ
և ասա՛. «Տե՛ր, որո՞նք են Քո ծրագրերը»:
Նրա ծրագրերն արդեն օրհնված են: Եթե դու հետևես դրանց, քո հաղթանակը երաշխավորված է:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Մնացորդաց 14: 8- 17
![]()
Հոկտեմբերի 28
Գլորիա Քոփլանդ
Վայելի՛ր հաղթանակը
«Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվեց մեզ հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով»:
Ա Կորնթացիների 15: 57
Հերոսնե՛ր: Ավելին, քան հաղթողներ: Աստվածաշունչը
նման բան է ասում մեր մասին: Գիտեմ, որ դու շատ անգամ ես լսել դրա մասին, բայց այսօր
ես ցանկանում եմ, որ իրապես ըմբռնես այդ իրականությունը: Ես ցանկանում եմ, որ ժամանակ
տրամադրես և խորհես, թե ինչ են նշանակում այս խոսքերն իրականում:
Բառարանում «հաղթանակ» բառը նշանակում է «վերջնական և ամբողջական գերիշխանություն կամ
գերակայություն պատերազմում կամ մարտում, հաջողություն ցանկացած մրցույթում կամ պայքարում,
որտեղ հակառակորդը պարտվում է, կամ էլ խոչընդոտը հաղթահարվում»:
Հաղթել նշանակում է «լավագույնը լինել մրցույթում կամ պայքարում, տիրել, գերակայել,
գերազանցել, ենթարկեցնել, նվաճել, ջախջախել, պարտության մատնել»:
Երբ այս սահմանումները ամուր պահես քո մտքում, կհասկանաս, որ Հիսուսում դու ստացար
ավելին, քան երկինք տանող մեկ տոմս: Դու ստացար այս աշխարհում գոյություն ունեցող լավագույն
բանը: Նրա միջոցով դու հաղթեցիր աշխարհին, տիրեցիր, ենթարկեցրիր և գերազանցեցիր այն:
Եվ տարօրինակ չէ, որ Կորնթացիների առաջին թղթի 15: 57-ն աղաղակում է. «Շնորհակալությո՛ւն
Աստծուն, որ տվեց մեզ հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»:
Ինչո՞ւ դու էլ չես աղաղակում: Այսօր շնորհակալությո՛ւն հայտնիր Աստծուն, որ քեզ հաղթող
է դարձրել: Փառաբանի՛ր Նրան, որ դու միացել ես Նրան, Ով հաղթել է աշխարհին, մարմնին
և սատանային: Գոչի՛ր ալելուիա և վայելի՛ր հաղթանակը:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեյացիների 8: 29- 39
![]()
Հոկտեմբերի 29
Գլորիա Քոփլանդ
Եկ, Տեր Հիսուս
«Սիրելինե՛ր, հիմա Աստծո որդիներ ենք, և տակավին հայտնված չէ, թէ ինչ պիտի լինենք, բայց գիտենք, թե, երբ Նա հայտնվի, Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք Նրան ինչպես որ Է: Եվ ամենն, ով որ այս հույսն ունի իրենում, սրբում է իր անձը, ինչպես որ Նա սուրբ է»:
Ա Հովհաննեսի 3: 2, 3
Անհուսություն: Մեր դարում այս զգացողությունը
ավելի ու ավելի է տարածվում մարդկանց մեջ: Բայց մենք՝ որպես հավատացյալ, երբեք նման
զգացողություն չպետք է ունենանք: Որովհետև նշանակություն չունի, թե որքան ճնշումներ
են գալիս այս երկրի վրա, նշանակություն չունի, թե որքան խավար իրավիճակներ են շրջապատում
մեզ, մենք գիտենք, որ հույս ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձի համար:
Երբեմն մոռանում ենք դա: Մենք մեր ուշադրությունն այնքան ուժեղ ենք կենտրոնացնում այս
կյանքի բնական երևույթների վրա, որ կորցնում ենք հույսը և դառնում հուսահատության գերին:
Բայց մեզ համար դա անթույլատրելի է:
Մեկ անգամ իմ ընկերներից մեկը Մերձավոր Արևելքում հանդիպել էր նորադարձ մի արաբ կնոջ,
որն ասածիս կենդանի ապացույցն է: Մեզանից շատերն անտանելի կհամարեին այն կյանքը, որով
այդ կինն ապրում էր: Նա ապրում էր պատերազմական գոտում, որն ամբողջությամբ քայքայված
էր բռնությունների հետևանքով: Ամեն օր նա կանգնած էր ռմբակոծության և կրակոցների վտանգի
առաջ:
Թվում է, թե այդ արաբ կինը ոչ մի հույս չպետք է ունենար: Նրա երկիրը աչքի առաջ կործանվում
էր: Նա պետք է գնար Իսրայել և գումար վաստակեր իր ընտանիքի համար, քանի որ իր բնակավայրում
աշխատանք և գումար վաստակելու ոչ մի հնարավորություն չկար: Ամեն բան նրա շուրջը ավելի
ու ավելի էր վատանում, բայց նա իմ ընկերոջն ասել էր, որ հույս ունի, քանի որ գիտի Հիսուսը
վերադառնալու է իր ետևից: Եվ այդ հույսը նրան ամուր էր պահում:
Ուրեմն, եթե դու անհույս ես, հեռացրո՛ւ քո աչքերը այս աշխարհից և նայի՛ր Հիսուսի մոտալուտ
վերադարձին: Դա ոչ միայն կբարձրացնի քո հոգին, Աստվածաշունչն ասում է, նաև կմաքրի քեզ:
Այն կստիպի, որ դու արդար կյանքով ապրես, հեռանաս քեզ շրջապատող աշխարհի մեղքից և անհաջողություններից:
Այն կտա քեզ Աստծո ուրախությունը և հաղթանակը:
Մտածի՛ր սրա մասին: Երբ այս աշխարհը մոտենա իր ավարտին, ես և դու դեռ ամեն բան նորից
պետք է սկսենք: Մենք մուտք կգործենք ամենափառավոր կյանքը, որը վեր է ամեն պատկերացումից:
Աշխարհի մարդիկ թախիծով ետ կնայեն և երանի կտան այդ օրերին: Բայց ինձ և քեզ համար լավագույնը
դեռ առջևում է: Ուստի մենք կարող ենք նեղությունների մեջ գոչել ալելուիա և ասել այն,
ինչ Հովհաննես առաքյալն ասաց. «Եկ, Տեր Հիսուս»: Շուտով եկ ...
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հայտնություն 21, 22: 1- 7
![]()
Հոկտեմբերի 30
Քենեթ Քոփլանդ
Դա քո՛ որոշումն է
«Եվ ահա գալիս է ժողովրդապետերից մեկը, անունը Հայրոս: Եվ երբ Նրան տեսավ, ընկավ Նրա ոտները և Նրան շատ աղաչում էր և ասում. «Աղջիկս վախճանվելու մոտ է, գաս, ձեռքդ նրա վրա դնես, որպեսզի ազատվի և ապրի»: Եվ Հիսուսը նրա հետ գնաց»:
Մարկոսի 5: 22- 24
Երբևէ ինքդ քեզ տվե՞լ ես այս հարցը. «Տեսնես
Աստված ե՞րբ է մի բան անելու այս խնդիրը լուծելու համար»: Եթե այո, ուրեմն կզարմանաս,
երբ իմանաս, որ դրա պատասխանը հարյուր տոկոսով կախված է քեզանից:
Մարկոսի 5 –րդ գլխում մի դեպքի մասին է խոսում, որը ցույց է տալիս, թէ ինչ նկատի ունեմ:
Հիսուսը նոր էր դուրս եկել նավակից, և մարդիկ սկսել էին ամեն կողմից շրջապատել Նրան
կամ, ինչպես Աստվածաշնչում է ասվում, «նեղում էին» Նրան: Մարդիկ Հիսուսին հրհրելով
հասցրել էին ծովեզր, երբ հանկարծ մի մարդ ամբոխի միջից սկսեց մոտենալ Նրան:
Մարկոսն ասում է, որ այդ մարդը իրեն Հիսուսի ոտքերի մոտ գցեց և սկսեց թախանձանքով աղերսել.
«Իմ փոքրիկ աղջիկը մահվան շեմին է: Աղաչում եմ Քեզ, ե՛կ և ձեռքդ դի՛ր նրա վրա ... և
նա կապրի»:
Մի պահ մտածի՛ր այս իրավիճակի մասին: Այս մարդը ի պաշտոնե քաղաքապետին հավասար դիրք
էր զբաղեցնում: Բայց նա այնքան համառորեն էր տրամադրված հասնել Հիսուսին, որ ճեղքեց
ամբոխը և բավականաչափ տեղ ազատեց, որպեսզի ընկնի Հիսուսի ոտքերի մոտ: Նա որոշում էր
կայացրել և երբ հասավ Հիսուսին, ասաց ինչ որ պետք էր. «ձեռքերդ դի՛ր նրա վրա, և նա
կապրի»:
Թույլ տուր մի բան հարցնել քեզ: Քո կարծիքով այս պարագայում ո՞վ էր ղեկավարում Հիսուսի
ծառայությունը: Այս մարդը: Մի մարդ, ով որոշում էր կայացրել: Երբ նա բարձրաձայն արտահայտեց
իր որոշումը, Հիսուսը ոչինչ չասաց: Նա պարզապես դադարեց անել այն, ինչ անում էր, շրջվեց
և հետևեց նրան:
Բառիս բուն իմաստով բազմահազար ամբոխի մեջ մեկ մարդու հավատքի որոշումը սկսեց ուղղորդել
Հիսուսի գործողությունները:
Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ եթե նստել և սպասում ես, որ Հիսուսը որոշի
բժշկել քեզ, Հիսուսը որոշի օգնել քեզ, Հիսուսը որոշի բարգավաճում կամ հաղթանակ տալ
քեզ, ուրեմն երկար պետք է սպասես: Քանի որ դա Հիսուսի որոշումը չպետք է լինի, այլ քոնը:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մարկոսի 5: 21- 24: 35- 43
![]()
Հոկտեմբերի 31
Գլորիա Քոփլանդ
Սուտմեռուկ մի՛ ձևացիր
«Բայց Հովհաննես Մկրտչի օրերից մինչև հիմա երկնքի արքայությունն ուժով է առնվում, և ուժովները հափշտակում են նրան»:
Մատթեոսի 11: 12
Անգլերենի «Ընդլայնված թարգմանությունն»
ասում է. «Երկնային թագավորությունում քո բաժինը պետք է վերցնես ջանքով և ուժերը լարելով»:
Ես ցանկանում եմ, որ դու այսօր վայրի դառնաս: Այո՛, վայրի, վճռորոշ, ջերմեռանդ: Ես
ցանկանում եմ, որ դու այնպես նվիրվես Աստծո գործերին, որ կարողանաս դիմագրավել դրանք
քեզանից խլելու ցանկացած փորձին:
Շատ հավատացյալներ այսօր նման են իսրայելացիներին: Նրանք շրջում են պարտության անապատում,
քանի որ Խոստացված երկրում թշնամի կա: Նրանք զրկվում են իրենց լիիրավ ժառանգությունից,
քանի որ վախենում են կռվել դրա համար: Նրանք շարունակում են հույսեր փայփայել, որ միգուցե
մի ելք գտնեն առանց ուժ գործադրելու: Բայց այդպես չի լինում: Երբ խոսքը գնում է սատանայի
և նրա գործակիցների մասին, դու պետք է քո պահանջները դնես:
Երբ Աստված Իսրայելի ժողովրդին ուղարկեց Քանան, Նա ասաց. «Քո առջևից թող զինված մարդիկ
գնան»: Նրանք պետք է զինված գնային, որպեսզի պատրաստ լինեին ցանկացած կռվի: Աստված
գիտեր, որ այդ հողը վերցնելու համար նրանք պետք է մարտնչեին: Աստված երբեք չէր խոստացել,
որ նրանք կվերցնեն այդ հողը առանց կռվի: Բայց խոստացել էր, որ նրանք միշտ կհաղթեն:
Նույնը քեզ է վերաբերում: Դու չես կարող պարզապես պառկել ու սուտմեռուկ ձևացնել, երբ
գործ ունես սատանայի հետ: Նա քո կյանքի ոչ մի բնագավառ հենց այնպես՝ առանց պայքարի
ձեռքից բաց չի թողնի, լինի դա քո առողջությունը, ֆինանսները կամ մեկ ուրիշ բնագավառ:
Նա դրանցից չի հրաժարվի, մինչև դու նրան չստիպես:
Բավական է անապատում նստած մնաս, երբ սատանան քեզանից գողանում է Աստծո օրհնությունները:
Դու ունես Աստծո թույլտվությունը, Նրա զորությունն ու Նրա կարողությունը այդ երկիրը
վերցնելու համար: Այնքան վայրի դարձիր, որ կարողանաս դրա հարցերը հենց այսօր լուծել:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Երկրորդ օրինաց 31: 1- 8
![]()
Նոյեմբերի 1
Քենեթ Քոփլանդ
Սիրո զորությունը
«... հավատքը, որ գործում է սիրով»:
Գաղատացիների 5. 6
Կար ժամանակ, երբ ես զարմանում էի, թե ինչու
մենք՝ հավատացյալներս, չենք տեսնում Աստծո զորության դրսևորումը մեր մեջ: Աստծո Խոսքից
և մեր հավատքից ելնելով՝ թվում էր, թե միշտ հրաշքներ և նշաններ պետք է տեղի ունենային:
Ուստի ես մի օր հարցրի. «Տեր, ինչո՞ւ Քո զորությունն իր ամբողջ ծավալով չի գործում
եկեղեցում»:
Գիտե՞ս, թե Նա ինչ պատասխանեց: Նա ասաց, որ մենք դեռ բավականաչափ սեր չունենք մեր կյանքում:
Աստված ցանկանում է, որ մենք զորություն ունենանք: Բայց նախ և առաջ, Նա ուզում է վստահ
լինել, որ մենք այդ զորությունը սիրով կօգտագործենք: Նա ուզում է համոզվել, որ մենք
դա չենք վերցնի ու դատապարտության ու քննադատության հետ խառնելով թափի մարդկանց գլխին:
Աստված ասաց. «Քենեթ, Ես չեմ կարող սատարել քո խոսքերը գերբնական զորությամբ կիրակնօրյա
առավոտյան ծառայության ժամանակ, որից հետո երեկոյան դուրս ես գալու մայրուղի և բղավելու
ես մեկի վրա, ով իր մեքենայով կխցկվի քո շարք: Մի փոքր էլ, և դու դուրս կշպրտես նրան
մայրուղուց: Ես չեմ կարող Ամենակարող Աստծո զորությունն իր ամբողջ մեծությամբ թողնել
մի անգութ խենթի բերանում»:
Հետո Աստված հիշեցրեց ինձ մի դեպք, երբ ես իմ որդի Ջոնի հետ գնացել էի որսի: Այդ ժամանակ
նա փոքրիկ տղա էր և հազիվ էր կարողանում զենքը պահել, որ ամեն անգամ ձգանը քաշելիս
ցած չընկներ: Ես սովորեցնում էի նրան կրակել, և նրա մոտ բավական լավ էր ստացվում:
Այդ օրը մենք զբոսնելով գնացինք Գլորիայի տատիկի ագարակ, և հանկարծ Ջոնը ցույց տվեց
մի մեծ թռչնակեր սարդի, որն իմ տեսածների մեջ ամենամեծն էր: Այն բարձրանում էր գոմի
պատի վրայով: Տեսնելով այդ սարդին՝ Ջոնը նշան բռնեց և ցանկացավ կրակել:
Եթե ես նրան չկանգնեցնեի, նա կկրակեր: Ջոնը չեր հասկանում, որ կրակելով՝ միևնույն ժամանակ
նա պատի վրա անցք կբացեր: Որպես հասուն մարդ՝ ես հասկանում էի, որ դա հիմարություն
է: Բայց նա չէր կարող տեսնել դա: Նա երեխայի աչքերով էր նայում:
Եթե ուզում ես, որ Աստված քեզ հոգևոր զորության հրացան տա, որպեսզի սատանայի գործերը
մի վայրկյանում այն աշխարհ ուղարկես, կենտրոնացի՛ր սիրո վրա: Հետևի՛ր դրան: Զարգացրո՛ւ
այն: Ուսումնասիրի՛ր այն: Աճի՛ր դրանում: Եվ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես է Աստծո
զորությունը գործում քո միջոցով:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հռոմեացիների 13. 8-14
![]()
Նոյեմբերի 2
Քենեթ Քոփլանդ
Նա բացեց ճանապարհը
«Սկզբում էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր: Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ»:
Հովհաննեսի 1. 1, 14
Տեր Հիսուս Քրիստոսի աստվածությունը մի
բան է, որը երբեք չի կարող հարցականի տակ դրվել վերստին ծնված հավատացյալի կողմից:
Մեր փրկությունը հիմնված է այն փաստի վրա, որ Հիսուս Քրիստոսը Աստված է, Աստվածության
երկրորդ Անձն է, Աստծո Որդին Է:
Հովհաննեսը՝ Հիսուսի սիրելի աշակերտը և առաքյալը, այս կասկածը մեկընդմիշտ հեռացրեց
Հովհաննեսի 1. 1, 14 –ում ասվածով: Նրանք, ովքեր կասկածներ ունեն սրա հետ կապված, անհնար
է, որ կարողանան վերստին ծնվել Աստծո արքայության մեջ: Որովհետև մեր հավատքի հիմքը
Հիսուսի աստվածությունն է:
Սակայն, եթե Ավետարանները կարդաս, կտեսնես, որ Հիսուսը այդ 33 տարիների ընթացքում շրջում
ու չէր հայտարարում, որ Ինքը Աստված Է: Նա գիտակցում Էր, որ Ինքը Աստծո Որդին Է՝ Մեսիան:
Նա Աստծուն դիմում Էր որպես Հոր (իսկ դա զայրացնում էր փարիսեցիներին), բայց երբեք
չէր հայտարարում, որ Ինքը Բարձրյալ Աստվածն Է: Իրականում Նա Իր աշակերտներին ասում
Էր, որ Հայր Աստվածն ավելի մեծ և հզոր Է, քան Ինքը (Հովհաննեսի 14. 28):
Պատճառն ակընհայտ է: Նա աշխարհ չէր եկել պարզապես որպես Աստված: Նա եկել Էր նաև որպես
մարդ: Աստվածաշունչն ասում է, որ Նա մի կողմ Էր դրել Իր աստվածային զորությունը և մարդկային
կերպարանք էր առել բոլոր սահմանափակումներով հանդերձ: Քանի որ Աստված Նրա Հայրն Էր,
Նա մեղավոր բնությամբ չէր ծնվել, որը սերնդեսերունդ փոխանցվում էր Ադամի որդիներին:
Բայց ծնված լինելով կնոջից՝ մնացած բոլոր առումներով Նա մարդ էր, և Ինքն Իրեն անվանում
էր մարդու Որդի կամ բառացիորեն՝ Ադամի Որդի:
Այդ դեպքում ինչպե՞ս Էր Նա այդ հզոր գործերն անում: Այսօր Նա ակընկալում Է, որ մենք
էլ նույնը անենք Սուրբ Հոգու օծությամբ և զորությամբ (Գործք Առաքելոց 10. 38): Նա ասաց.
«Աստված, որ Իմ ներսում Է, Նա Է անում»:
Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ երբ Հիսուսն ասաց, որ դու՝ որպես հավատացյալ,
կկարողանաս անել բոլոր այն գործերը, որ Ինքն արեց, Նա հենց դա էլ նկատի ուներ (Հովհաննեսի
14. 12):
Դա նշանակում է, որ դու՝ որպես Աստծո վերստին ծնված զավակ, Հիսուսի նման լցված նույն
Սուրբ Հոգով, հնարավորություն ունես ապրելու այնպես, ինչպես Նա ապրեց այս երկրի վրա:
Իրականում Նրա նպատակը հենց դա է: Նա գնաց քո առջևից որպես մարդ և բացեց ճանապարհը:
Պետք չէ միայն հիանալ Նրա գործով: Այսօր հերևի՛ր Նրան այդ գործում:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Հովհաննեսի 14. 1-15
![]()
Նոյեմբերի 3
Քենեթ Քոփլանդ
Փորձառու չեմպիոն
«Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով և թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի»:
Եսայի 40. 31
Գիտե՞ս, որ հավատքի ուժը ի զորու է երիտասարդացնելու
քո ֆիզիկական մարմինը: Դա ճշմարտություն է: Դա կարող ես տեսնել Սարրայի կյանքում: Շատերն
ամբողջությամբ չեն կարողանում հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ նրա կյանքում: Նրանք միայն
գիտեն, որ Աստված Սարրային ծեր հասակում երեխա ունենալու կարողություն տվեց:
Սակայն, եթե ավելի ուշադիր լինես, կտեսնես, որ ավելին էր արված: Երբ Սարրան հավատքով
ամուր բռնեց Աստծո այդ խոստումը, այն այնպես վերականգնեց նրան ֆիզիկապես, որ երբ Աբիմելեք
թագավորը տեսավ, ցանկացավ Սարրային կնության առնել:
Մտածի՛ր սրա մասին: 90 տարեկան հասակում Սարրան այնքան գեղեցիկ էր, որ թագավորը ցանկացավ
նրան իր հարեմի մեջ առնել: Եվ ավելին, երբ նա ծնեց Իսահակին, Աստվածաշունչն ասում է,
որ նա երեխային կրծքով այնքան ժամանակ կերակրեց, մինչև որ նա կաթից կտրվեց: Եվ նա շարունակեց
ապրել մինչև տղայի հասունանալը:
Հիմա չեմ ուզում ասել, որ դու կարող ես Սարրայի նման 90 տարեկանում երեխա ունենալ:
Նա հատուկ խոստում ուներ Աստծուց դրա համար: Ասածս այն է, որ եթե հավատաս Աստծուն,
որ մեծ տարիքում կնորոգվես ուժով և առողջությամբ, Նա կտա քեզ դա: Իրականում Սաղմոս
103- ն ասում է, որ դա Նրա առավելություններից մեկն է: Այն ասում է, որ Աստված կլցնի
քո կյանքը բարիքով, որ քո մանկությունը կնորոգվի արծվի նման:
Աստված ցանկանում է, որ դու մեծ տարիքում լինես Աստծո Խոսքի հզոր և փորձառու չեմպիոն,
որ հավատքով նորոգված զորություն ունենաս: Սկսի՛ր այսօր դավանել դա: Բերանդ լցրո՛ւ
Աստծո խոստումներով: Ասա՛. «Փառք Աստծուն, իմ մանկությունը արծվի նման նորոգված է»:
Դու իհարկե կգնաս երկինք, երբ քո գործը վերջանա այս երկրի վրա, բայց առանց թոշնելու:
Դու այստեղից կգնաս փառքի փայլով՝ լինելով այնպիսի հաղթող, ինչպիսին Աստված նախատեսել
է, որ լինես:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Սաղմոս 92
![]()
Նոյեմբերի 4
Քենեթ Քոփլանդ
Մի քանիսը բավակա՞ն են
«Եվ Իմ ժողովուրդը, որի վրա կոչված է Իմ անունը, խոնարհվեն և աղոթք անեն և Իմ երեսը խնդրեն և իրենց չար ճանապարհներից ետ դառնան, այն ժամանակ Ես կլսեմ երկնքից և կներեմ նրանց մեղքը և կբժշկեմ նրանց երկիրը»:
Բ Մնացորդաց 7. 14
Դու գուցե մտածում ես. «Կարո՞ղ են, արդյոք,
մեզ նման մի քանի մարդիկ փոխել մի ամբողջ ազգ»:
Թույլ տուր քեզ տալ հետևյալ հարցը. «Կարո՞ղ է արդյոք մի դիվահար մարդ փոխել մի ազգի
դեպի վատը: Անշուշտ: Հիտլերը Գերմանիայում հենց դա արեց, չէ՞»:
Եթե սատանայի զորությունը, որը մի մարդու վրա է հանգչում, կարող է փոխել ազգը դեպի
վատը, ուրեմն, կարող ես վստահ լինել, որ մի խումբ մարդիկ, որոնց վրա հանգչում է Աստծո
զորությունը, կարող են փոխել ազգը դեպի լավը:
Չկա ոչ մի ազգ, որն այնքան հեռու գնացած լինի, որ Աստված չկարողանա փոխել նրան: Իսրայելը
դրա ապացույցն է: Ինչո՞ւ սատանան չկարողացավ կործանել Իսրայելը, երբ դեռ այն անգամ
պետականություն չուներ:
Աստված բարձրացրեց այդ ազգը հենց սատանայի աչքերի առջև:
Ես ցանկանում եմ, որ դու հետևյալ խոսքերին ուշադրություն դարձնես. «Եվ ԻՄ ժողովուրդը,
որի վրա կոչված է ԻՄ անունը ...»: Աստված չասաց, որ ազգի մեջ բոլորը պետք է ներգրավված
լինեն, որպեսզի ամեն բան փոխվի: Նա ասաց. «Եվ ԻՄ ժողովուրդը ...»:
Ուշադրություն դարձրու նաև, որ Աստված չասաց. «Եվ ԻՄ ժողովուրդը միջնորդագիր ներկայացնի
և ձայների մեծամասնություն շահելու նոր մեթոդ հնարի ...»: Նա ասաց. «Եթե աղոթի»: Այլ
կերպ ասած՝ մենք չպետք է փորձենք ինքներս լուծել այս հարցը: Աստված Ինքը կբժշկի այս
երկիրը: Մեր գործը աղոթելը, հավատալը և Նրա երեսը փնտրելն է: Այսօր փնտրի՛ր Նրա երեսը:
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Բ Մնացորդաց 7. 1- 16
![]()
--- Շարունակելի ---